Ճապոնիայում ձերբակալվել է Հոլոքոստի մասին գրքերը վնասած տղամարդը

13:16 • 13.03.14

Ճապոնական ոստիկանությունը ձերբակալել է այն տղամարդուն, ով էջեր ու լուսանկարներ էր պատռել «Աննա Ֆրանկի օրագրերը» գրքի մոտ 300 օրինակներից և Հոլոքոստի մասին այլ հրատարակություններից, հայտնում է РИА Новости-ն։

 

Փետրվարի վերջին Տոկիոյի 8 շրջանների գրադարաններից հաղորդագրություններ էին ստացվել Հոլոքոստին վերաբերող գրքերի վնասման մասին։ Ընդհանուր առմամբ գրանցվել էր վանդալիզմի մոտ 300 դեպք։ Բոլոր գրքերն ազատ հասանելի էին, նրանց միջից պատռվել էին այն էջերը և լուսանկարները, որոնք կապված են Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում հրեաների ոչնչացման թեմայի հետ։

 

Ձերբակալության պատճառը դարձել է Տոկիոյի Իկեբուկուրո շրջանի գրախանութից վանդալիզմի նման դեպքի վերաբերյալ ստացված հաղորդագրությունը։ Տեսախցիկների ձայնագրությունների վերլուծության արդյունքում ոստիկանությանը հաջողվել է պարզել տղամարդու ինքնությունը։

 

Իր վարքագծի դրդապատճառները նա չի կարողացել բացատրել։ Առաջիկայում տղամարդը հոգեբուժական զննություն կանցնի։