Մոսկվայում ապրիլի 6-ին կկայանա Armenia Music Awards 2014 – LEGENDS 9-րդ ազգային ամենամյա մրցանակաբաշխությունը
2014 թվականի ապրիլի 6-ին Ռուսաստանի Դաշնության գլխավոր համերգասրահում՝ Կրեմլի պետական պալատում, տեղի կունենա Armenia Music Awards 2014 – LEGENDS ամենամյա ազգային մրցանակաբաշխության դափնեկիրների պարգևատրման արարողությունը: Ինչպես հայտնում են Ռուսաստանի Հայերի միությունից՝ տոնական միջոցառումը նվիրված է հիասքանչ հայկական տոնին՝ Մայրության և գեղեցկության օրվան:
Մրցանակաբաշխության արարողությունը մեկնարկել է 2006-ին, երբ առաջին անգամ Մոսկվայում Կրեմլի պետական պալատի բեմում էին հավաքվել հայոց էստրադայի լավագույն ներկայացուցիչները: «Արմենիա Փրոդաքշն» պրոդյուսերական կենտրոնի ջանքերի շնորհիվ այս երաժշտական միջոցառումը գեղեցիկ ավանդույթի է վերածվել:
Armenia Music Awards մրցանակաբաշխության հանձնման պատմության 9 տարիների ընթացքում միջոցառումը հեռարձակվել է Հայաստանի Հ1 առաջին ալիքի ուղիղ եթերով, որը ցուցադրվել է աշխարհի 136 երկրներում՝ 35 մլն լսարան հավաքելով:
Սովորաբար մրցանակների հանձնման արարողությունն անցկացվում է դասական ձևաչափով, որում մրցանակներ են շնորհվում 21 անվանակարգերում, այդ թվում՝ Տարվա հիթ, Տարվա երգիչ, Տարվա երգչուհի, Տարվա ալբոմ:
Արարողության ժամանակ պատվավոր հյուրերը հավակնորդին անվանական արձանիկ են հանձնում, որն ստեղծվել է հանրահայտ քանդակագործի կողմից՝ մոլորակի և ծառի տեսքով, որը խորհրդանշում է 136 երկրներում ապրող հայերի միաբանությունը: Տարբեր տարիներին մրցանակաբաշխությանը ներկա են գտնվել այնպիսի հանրահայտ արտիստներ,ինչպիսիք են Ալեն Դելոնը, Վլադիմիր Սպիվակովը, Դեմիս Ռուսոսը, Ջիվան Գասպարյանը, Կոնստանտին Օրբելյանը, Խուլիո Իգլեսիասը և այլք:
2014-ին մրցանակաբաշխության կազմակերպիչները որոշել են այն անցկացնել LEGEND խորագրի ներքո: Այս տարվա բոլոր հավակնորդներն այնպիսի գործիչներ են, ովքեր անգնահատելի ավանդ են ունեցել հայկական երաժշտական մշակույթի զարգացման գործում: Մրցանակաբաշխության ժամանակ կհայտարարվի 14 մարդկանց անուն, որոնք կարժանանան «լեգենդ» մրցանակին: Պատվավոր նոմինանտների թվում են Արթուր Գրիգորյանը, Արթուր Մեսչյանը, Դավիթ Թուխմանովը, Մալխասը, Միշել Լեգրանը, Ռուբեն Հախվերդյանը, Օֆելյա Համբարձումյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Ռոզի Արմենը, Հովհաննես Չեքիջյանը, Իրինա Ալեգրովան, Կոնստանտին Օրբելյանը, Սերժ Թանկյանը, Տիգրան Մանսուրյանը, Ռուբեն Մաթևոսյանը, Ստաս Նամինը, Շարլ Ազնավուրը:










