Մենք սպանեցինք ինքներս մեզ, որովհետև Չարենցը մենք ենք, ուրիշ տեսակի մենք չի լինում. Վաչագան Սարգսյան
Գրող, «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի հիմնադիր Վաչագան Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել «Այցելություն չարենցի գերեզմանին» վերնագրով, ուր պատմում է, թե մի օր ինչպես են այցելել...Չարենցի գերեզմանին։
Գրառումը՝ ստորև։
Այցելություն չարենցի գերեզմանին
Նախանձելի թաղում… Այդպես, օ, սիրտ իմ,
Ես կուզեի, որ քեզ մի իրիկուն տանեն
Այս հարազատ, ծանոթ այս փողոցով,
Այս տների միջով, ուր կատուներն անգամ
Քեզ ճանաչում են… օ՜, երջանկություն
Արժանանալ ամբո՜ղջ, ամբո՜ղջ կյանքում քո ողջ
Աշխարհային երթում անիմաց:
Դեպի հանգստարան…
Տո՜ւր ինձ, երկինք
Այդպիսի մահ…
Եվ այդպիսի թաղում…
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ
Հատված «Անվերնագիր» բանաստեղծությունից, 17.10.1936
1999 թվականի մայիսն էր: «9-րդ հրաշալիքի» խմբագրություն եկան գրականագետ Արամ Ալեքսանյանը և Գևորգ Վկան:
– Տեղ ենք գնում, շատ զարմանալի մի մարդու հետ,– խորհրդավոր տոնով ասաց Արամը:
– Մեքենադ սարքի՞ն է,– հարցրեց Գևորգը:
Նստեցինք իմ «9-րդ հրաշալիք» «Ժիգուլին», ու տղաներն ինձ առաջնորդեցին դեպի Նար-Դոսի փողոց: Գևորգն իջավ մեքենայից ու, չորս կողմը նայելով, արագ-արագ մտավ իրար վրա դարսած տներից մեկը: Քիչ անց ինքն ու հենակներով մի մարդ շտապ-շտապ խցկվեցին մեքենաս, ու Արամն ասաց.
– Քաղաքից մի քիչ դուրս գանք, դեպի Սևան ենք գնալու:
Ամեն ինչ ինձ համար շատ խորհրդավոր է: Ճանապարհին ոչ ոք չի խոսում: Մռայլ դեմքով նստած են հետևի նստատեղին, իմ կողքին Արամն է:
– Գնում ենք Չարենցի գերեզմանին,– հանկարծ ասաց Արամը:
Մեքենան մեծ արագությամբ սլանում է: Մի տեսակ տագնապ կա մեջս այս ամենից: Միանգամից չընկալեցի Արամի ասածը: Հանկարծ կտրուկ արգելակեցի. տեղ հասավ: «Ի՞նչ գերեզման»,– թուքս կուլ տալով հարցրի ես:
– Քշի, քշի,– հորդորեց Գևորգը,– էս մարդն ամեն ինչ կպատմի:
Բայց էս մարդը լուռ նստած է ու ոչ մի բան չի պատմում: Հասանք Չարենցավանի խաչմերուկին, թեքվեցինք, «ք. Չարենցավան» ուղեսյան մոտ կանգ առանք:
– Ահա այստեղ էր,– հանկարծ լռությունը խզեց անծանոթը: Երբ մեքենայով անցնում էինք, կարդաց, որ գրված է «Չարենցավան», մի տեսակ ինքն իրեն, թե մեզ ասաց. «Բա որ պիտի իր անունով քաղաք կոչեինք, ինչո՞ւ խփեցինք էդ մարդուն»:
Ու անծանոթը սկսեց իր պատմությունը, որը լսել էր իր աներոջից` ՊԱԿ-ի բարձրաստիճան մի պաշտոնյայից, որը «մինչև մեռավ, հոգին դուրս եկավ»:
– Գյոռբագյոռ աներս պատմում էր,– սկսեց հենակավոր մարդը,– թե ինչպես մի օր ԿԳԲ-ի նկուղից ցուրտ գիշերով հանեցին Չարենցին՝ հենց բանտային հագուստով, նստեցրին ամերիկյան բեռնատար «Ստուդեբեքեր» մեքենան, ու… դեպի Սուխոյ Ֆանտան: Ցրտից ու հուզումից Չարենցը դողում էր ողջ ճանապարհին:
Գիտեր, որ տանում են խփելու: Ավտոմեքենայի թափքում աներս է եղել, Մուղդուսին, մարդակեր Ավիսը, բժիշկը և էլի մի հոգի: Հասնում են Սուխոյ Ֆանտան, այնտեղից ոտքով իջնում այսօրվա Չարենցավանի ուղղությամբ: Սառը ցեխի միջով մի կիլոմետրի չափ իջնում են և դուրս գալիս նախօրոք փորված հսկա փոսի վրա: Չարենցին կանգնեցնում են փոսի կողքին: Մուղդուսին կրակում է Չարենցի ծոծրակին: «Չարենցը ցուլի պես բառաչեց ու ընկավ փոսը»,– հիշում էր աներս,– հուզված պատմում էր հենակավորը: Կոկորդներումս խուտուտ զգալով, արցունքներս հազիվ զսպելով` լսում էինք մենք:
– Հետո բժիշկն իջավ փոսը, ստուգեց, որ Չարենցը մահացած է, դուրս եկավ, ու փոսը լցրինք:
Ի՜նչ ճակատագիր. հայոց ամենամեծ պոետին սպանում է հայ դավաճանը: «Մեր ցեցը մեր միջից է»,– մեռնելիս ասաց Սասունցի Դավիթը: Այո՛, մենք սպանեցինք ինքներս մեզ, որովհետև Չարենցը մենք ենք, ուրիշ տեսակի մենք չի լինում: Սպանեցինք ու հանգստացանք: Ի՞նչ է զգացել «Դանթեական առասպել» գրած մարդը` կանգնած փոսի առաջ, իր մահվան գուբի պռնկին, ի՞նչ է խորհել աշխարհի հանճարը…
Այդ օրվանից առավել ողբերգական դարձավ Չարենցի կերպարն իմ աչքում. մարդ, բանաստեղծ, հանճար, կանգնած իր անանուն շիրմափոսի կողքին, խորհում է աշխարհքի բանը, մահվան սարսափից, անզորությունից, իր հանճարեղությունից խելագար:
«Երևի հենց այս քաղաքացույց ցուցանակի տակ է նրա գերեզմանը կամ սարալանջին որևէ տեղ»:
Գարուն էր, սարը ծաղկել էր, կանաչ էր, գեղեցիկ էր ու գերեզման էր օրը:
Ու բոլորս էլ թափորի հետևում էինք՝ մեռած: Մի՞թե միշտ այսպես է լինելու:
Հիմա մտածում ենք. մի՞թե համապատասխան փաստաթղթեր չկան պահպանված, մի՞թե հնարավոր չէ գտնել մեծ բանաստեղծի աճյունը և համապատասխան ծիսակարգով վերաթաղել Պանթեոնում, որ նրա հոգին խաղաղվի: Եվ, հատկապես, մեր հոգիները խաղաղվեն:
Երկրորդ այցելությունը չարենցի գերեզմանին
«9-րդ հրաշալիքի» 2007 թ. թիվ 24 (414)-ում տպագրել էինք «Այցելություն Չարենցի գերեզմանին» վերնագրով հոդված, որի հրապարակումից հետո խմբագրություն էին զանգահարում բազմաթիվ մարդիկ:
Մի օր էլ խմբագրություն մտավ 65-70 տարեկանի արտաքինով մի բարեկիրթ մարդ: Ասաց, որ եկել է հոդվածի առիթով: Զրույցի ընթացքում պարզվեց, որ այցելուն Երևանի մանկավարժական համալսարանի մանկավարժության ամբիոնի պրոֆեսոր Ցոլակ Սիմոնյանն է: Մենք, իհարկե, հաճելիորեն զարմացանք, երբ իմացանք, որ նա մոտ 90 տարեկան է և առույգ է ու աշխատում է:
Նա պատմեց, որ հոդվածում նկարագրված դեպքերը՝ որ Չարենցին սպանել են Երևան-Սևան ճանապարհի մերձակայքում, այսօրվա Չարենցավան քաղաքի մուտքի ցուցանակի մոտ, ճիշտ չեն: Նա ասաց, որ իր մորաքրոջ ամուսնու քույրը՝ Արմենուհի Հարությունի Մկրտչյանը, այդ տարիներին աշխատել է ՊԱԿ-ում որպես բուժքույր և վկա է եղել նրա կյանքի վերջին ամիսների տվայտանքներին:
Այդ տարիների անհեթեթ օրերի, օդում խտացած վախի ու սարսափի մասին պատկերացում կարելի է կազմել մի փոքրիկ դեպքի նկարագրությունից: Մի օր բուժքույր Արմենուհու մոտ են բերում հերթական զոհին` մայոր Հակոբ Հարությունի Մկրտչյանին, որը Արմենուհու եղբայրն էր: Եվ նրանք իրար նայում են անծանոթների պես, թաքցնում են իրենց կսկիծն ու ցավը: Արմենուհին դեղեր է տալիս եղբորը, և նա հեռանում է: Մի քանի օր հետո նրան գնդակահարում են:
Ցոլակ Սիմոնյանը պատմում էր, թե ինչպես էր Արմենուհին տեղեկություններ հասցնում ՊԱԿ-ում տանջվող Չարենցի մասին:
Ի՜նչ է զգացել Ահռելի Մեծը բանտի նեղլիկ խցում, ինչպե՜ս է նրա տիեզերական հոգին պարփակվել դժոխքի այդ կացարանում: Նա երևի տեսել է դժոխքը ողջ ժամանակ, և հույս ունեմ, որ դրախտը՝ հետո:
– Մի օր էլ Արմենուհին եկավ ու ասաց, որ Չարենցը մահացավ,– շարունակեց Ց. Սիմոնյանը:– Այդ օրը ես երեք թռուցիկ գրեցի այսպիսի բովանդակությամբ. «Չարենցը բանտում մահացավ», և կպցրի մեկը` տրամվային, երկուսը՝ շենքերի պատերին: Իսկ թե որտեղ է Չարենցի գերեզմանը, այսօր ոչ ոք չգիտի,– եզրակացրեց նա:
Մի՞թե Չարենցն այն աննշան մարդն էր, որ նրա մասին տեղեկություններ մնացած չլինեն: Ինչո՞ւ չեն պարզում այս հարցը: Ինչո՞ւ է մինչև հիմա Չարենցի աստանդական հոգին թափառում Նաիրյան երկրով, հասնում մինչև Հարդագողի ճանապարհ, բայց չի գտնում իր մարմնի կացարանը:
Չարենցի գերեզմանը պիտի գար լրացնելու, մեծն Նժդեհի խոսքերով ասած, «մեծ մեռելների շարքը», որոնց գերեզմանի մասին Փոքր Մհերն ասում է.
– Մենք մեռնենք, մեր գերեզմանի վերա
Թագավորներ չեն կարնա գա:
«9-րդ հրաշալիք», հ. 419, 2007 թ.










