Վանում խոտի պահեստի վերածված հայկական եկեղեցին կմաքրեն
Վանի նահանգապետարանի մշակույթի և զբոսաշրջության վարչությունը Վանի Չաթաք բնակավայրում որպես կենդանիների համար կերի պահեստ ծառայող հայկական եկեղեցին պաշտպանության տակ է առել, տեղեկացնում է «Ջիհան» գործակալությունը։
Վարչության պետ Մուզաֆֆեր Աքթուղը հայտարարել է, որ կառույցն ամենակարճ ժամկետում դատարկվելու և մաքրվելու է։
Եկեղեցին վերակառուցելու հնարավորության մասին առայժմ չի խոսվում։
Օրեր առաջ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Վանի Չաթաք շրջանում 100 տարի առաջ հայ հավատացյալներին ծառայած, իսկ 30 տարի առաջ որպես դպրոց օգտագործված հայկական եկեղեցին այժմ որպես խոտի պահեստ է օգտագործվում։
Գյուղացիներից Սելիմ Գուրբանը պատմել էր, որ տարիներ առաջ զբոսաշրջիկներ են եկել եկեղեցին տեսնելու, սակայն դրանից հետո ոչ ոք եկեղեցուն «տեր չի կանգնել»։ Նա նշել էր, որ իրենց ցավ է պատճառում եկեղեցու վիճակը, և պահանջում են վերականգնել այն։










