Բակո Սահակյանը Վարանդայում մասնակցել է զոհված ազատամարտիկների հուշարձանի բացմանը

18:45 • 14.03.14

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր Մարտունու շրջանի Վարանդա գյուղում մասնակցել է զոհված ազատամարտիկների հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը, այս մասին տեղեկացնում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

 

Բակո Սահակյանը Վարանդա բնակավայրի ազատագրման 22-րդ տարեդարձի կապակցությամբ և հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական խիզախության համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրել է «Արաբո» ջոկատի մի խումբ ազատամարտիկների:

 


Իր խոսքում ԼՂՀ Նախագահը կարևորել է բնակավայրի ազատագրումը ռազմավարական տեսանկյունից, առանց որի անհնարին կլիներ ապահովել Մարտունու շրջանի անվտանգությունը:

 


Նրա խոսքով` այն, որ զոհվածների հիշատակին կառուցվել են բազում հուշարձաններ և Արցախում, և Հայաստանում, վկայում է, որ մեր ազգի նվիրյալները և նրանց հերոսությունը չեն մոռացվել, որ նրանք միշտ մեզ հետ են և շարունակում են հայրենասիրության ու անձնվիրության օրինակ լինել մատաղ սերնդի համար:

 


Միջոցառմանը մասնակցում էին պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից: