Յուրի Բաշմետը զրկվել է պատվավոր պրոֆեսորի կոչումից՝ Ուկրաինայի հարցում իր դիրքորոշման համար

11:17 • 14.03.14

Հայտնի երաժիշտ Յուրի Բաշմետին զրկել են Լվովի Լիսենկոյի անվան ազգային երաժշտական ակադեմիայի պատվավոր պրոֆեսորի կոչումից, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:

 

Իրենց նախկին հայրենակցի առնչությամբ նման որոշում է կայացրել հաստատության գիտխորհուրդը։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Բաշմետը ստորագրել է Ռուսաստանի մշակույթի գործիչների նամակը, որում պաշտպանվում է Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումն Ուկրաինայի և Ղրիմի հարցում:

 

Բաշմետի դեմ որոշումն ակադեմիայում պաշտպանել են գրեթե միաձայն: Նա պատվավոր պրոֆեսորի կոչման է արժանացել երկու տարի առաջ:

 

Ալտահար, դիրիժոր և մանկավարժ, ԽՍՀՄ-ի ժողովրդական արտիստ Բաշմետը Լվովում էր ապրել մինչև 17 տարեկան, այնտեղ են թաղված նրա ծնողները:

 

Ավելի վաղ նույն առնչությամբ Կիևի ազգային օպերայում հետաձգվել էր Ռուսաստանի ժողովրդական արտիստ Դենիս Մացուևի համերգը: