Երուսաղեմում հայտնաբերված հայկական հնագույն խճանկարը՝ նվիրված քրիստոնեություն ընդունած առաջին հայերին (լուսանկար)
Regnum.ru կայքը ֆոտոռեպորտաժի տեսքով ներկայացրել է 7-րդ դարի հնագույն հայկական խճանկարի պատմությունը, որը հայտնաբերվել է 1895-ին՝ Երուսաղեմի Մուսրարա կոչվող թաղամասում: Այն հայտնաբերվել է տներից մեկի հիմքը դնելիս:
Խճանկարը, որը տպավորիչ չափսեր ունի՝ 4х6.5 մետր, գրեթե ամբողջությամբ պահպանվել է: Ենթադրվում է, որ այդ վայրում կառուցված է եղել սուրբ Պոլիեկտուսի եկեղեցին: Վերջինս 22-րդ լեգեոնի սպա է եղել, ով քրիստոնեություն է ընդունել, ինչի համար էլ սպանվել է:
Եկեղեցու պատի մոտ հայտնաբերված «Թռչուն» անվանվող խճանկարային պատկերի վրա հայերեն արձանագրություն է պահպանվել, որում ասվում է. «Ի հիշատակ և ի փրկություն բոլոր հայերի, որոնց անուններն Աստծուն են հայտնի»: Ենթադրվում է, որ գրվածքում խոսվում է Հռոմեական կայսրության առաջին զինվորների մասին (հայկական ծագման), որոնք գաղտնի կերպով քրիստոնեություն են ընդունել և ենթարկվել բազմաթիվ հալածանքների:















