Հրեաներն իրենց նկատմամբ կատարվածը մշակույթի վերածելով՝ շահեցին, իսկ մերը մնաց լացուկոծի սահմաններում. գրականագետը Եղեռնի մասին
Արդի հայ գրականության մեջ Հայոց ցեղասպանության թեման վերջին 5 տարիներին դարձել է քննարկման, զրույցի, դիսկուրսի առարկա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը և նշեց, որ սա շատ դրական երևույթ է, որովհետև մինչ այս Եղեռնին նվիրված ստեղծագործություններում հիմնականում նկարագրվում էին բուն ջարդի, կոտորածի, տեղահանման տեսարաններ:
«Օրինակ՝ հրեաները հաջողության հասան այն պատճառով, որ քարոզչության հիմնական միջոցը դարձրին մշակույթը, արվեստը: Նրանք իրենց նկատմամբ կատարվածը մշակույթի վերածելով շահեցին, իսկ մերը մնաց լացուկոծի սահմաններում: Եղեռնի պատկերում չի նշանակում ստեղծել կոտորածի տեսարաններ»,- ասաց նա:
Գրականագետը նշեց նաև, որ այսօր Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ ստեղծված լավագույն գրական ստեղծագործություններից մեկը թարգմանվել է մի շարք լեզուներով ու ներկայացվել գրական մրցույթների:
«Եթե որևէ ստեղծագործություն մրցանակի արժանանա, կգրավի լայն հանրության ուշադրությունը: Սրանով մենք ավելի կհեշտացնենք ճանաչման գործընթացը: Այսինքն՝ գրականությունը կարող է իսկապես օգտակար լինել հարցին: Մենք պետք է մեր հայտնի ստեղծագործությունները թարգմանենք տարբեր լեզուներով ու տարածենք, ոչ թե այլազգի ստեղծագործողների աշխատանքները թարգմանվեն հայերեն: Մենք արդեն գիտենք ամեն ինչ այս մասին, պետք է հանրությանը ներկայացնել դրանք»,- ասաց նա:
Ըստ Արքմենիկ Նիկողոսյանի այլազգի գրողներից Հայոց ցեղասպանությանը նվիրված ստեղծագործություններից շարունակում է մնալ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» գիրքը, իսկ հայ գրողներից՝ Գուրգեն Մահարու «Այգեստանները», Հակոբ Օշականի «Մնացորդաց» ստեղծագործությունները:










