Երգը լավն է, հաղթանակի մասին խոսելը՝ ավելորդ. հայտնիները՝ Արամ MP3-ի կատարման մասին
«Եվրատեսիլ 2014»-ին Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ի «Not allone» երգիի մասին Tert.am-ը զրուցեց հայաստանյան շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ:
Երգչուհի Նունե Եսայանը գտնում է, որ երգը լավն է ու հետաքրքիր: Արամը շատ տաղանդավոր երիտասարդ է, ում ինքը շատ սիրում է, իսկ մրցույթի մասին, ընդանրապես, ծիծաղելի է խոսել: «Ամեն ինչը քաղաքականացված է, կարևորը լավ ելույթն է, որ նա իրեն արժանի ելույթ ունենա, իսկ հաղթանակների մասին խոսելն ավելորդ է, որովհետև բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, թե վերջին տարիներին այդ մրցույցում ինչ է կատարվում»,-ասաց նա՝ նշելով, որ կարևորը մրցույթին Հայաստանի մասնակցությունն է:
Իսկ երգի որակի և ժանրի մասին երգչուհին ավելացրեց, որ «Not allone»-ը Արամի համար գրված երգ է. «Երգիչը պետք է իրեն լավ զգա այդ երգով, եթե երգիչը լավ է զգում, հերիք է, իսկ այդ երգը Արամի ոճի մեջ է»:
«Դորիանս» խմբի մեներգիչ, «Եվրատեսիլ-2013»-ի մասնակից Գոռ Սուջյանը նույնպես կարծում է, որ երգը շատ լավն է, շատ օրգանիկ. «Ե՛վ տեսահոլովակը, և՛ երգը, և՛ տեքստը...ամեն ինչը ինձ շատ է դուր եկել»:
«Եվրատեսիլ» մրցույթի մասին էլ նշեց. «Ինձ համար այն արդեն շատ լավ երգ է, ու կարծում եմ՝ հաղթանակի արժանի է, իսկ Եվրատեսիլի ֆորմատի մասին ոչինչ չեմ կարող ասել: Թե որ երգը կհաղթի, որը չի հաղթի՝ արդեն երկրորդական է այս դեպքում»,-ասաց նա՝ ավելացնելով, որ ինքն Արամին բարձր է գնահատում որպես արտիստի:
Իսկ հարցին, թե արդյո՞ք երգում Հայաստանը ներկայացնող ազգային տարրեր կան, Գոռ Սուջյանը պատասխանեց. «Եթե երգն ինձ դուր է գալիս, ես չեմ խորանում, թե ազգային կա՞, թե՞ ոչ, եթե երգը լավն է, ուրեմն՝ համաշխարհային է»:










