YouTube-ի օգտատերերը Շակիրայի և Pitbull-ի համատեղ երգը կապում են մալայզիական օդանավի անհետացման հետ (տեսանյութ)

12:43 • 15.03.14

YouTube ժամանցային կայքի օգտատերերի մի մասը մալայզիական Boeing-777 ինքնաթիռի անհետացման ու հանրահայտ երգչուհի Շակիրայի և ռեփեր Pitbull-ի համատեղ երգի՝ Get it started-ի միջև կասկածելի կապ է հայտնաբերել։

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, նրանց կարծիքով՝ 2012թ. ներկայացված երգի տեքստում հստակ պատմվում է 227 ուղևորով ինքնաթիռի առեղծվածային անհետացման փաստերի մասին։

 

Մասնավորապես օգտատերերի շրջանում կասկածի տեղիք են տվել երգի հետևյալ խոսքերը՝ «Այժմ այն Մալայզիայից դուրս է եկել, 2 անձնագիր, 3 քաղաք, 2 երկիր, 1 օր»։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ 2 անձնագիրը կապվում է 2 գողացված անձնագրերի հետ, որոնք պատկանում են ինքնաթիռում գտնվող իրանցիներին։ Ինչ վերաբերում է 3 քաղաքին, ապա դրանք վերաբերում են Մալայզիայի, Վիետնամի ու Չինաստանի մայրաքաղաքներին։ Boeing-777-ը դուրս է եկել Մալայզիայի մայրաքաղաքից և ուղևորվում էր Պեկին, սակայն անհետացել է Վիետնամի մայրաքաղաքի օդային տարածքում։  Բացի այդ, երգում ասվում է «էլ ոչ մի Ալի», իսկ օդանավում գտնվող իրանցիներից մեկի անունն Ալի է։

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, մալայզիացի քննիչները կանգ են առել այն վարկածի վրա, որ ուղիղ 1 շաբաթ առաջ անհետացած Boeing-777 ինքնաթիռն առևանգվել է օդաչուներից մեկի կամ ինչ-որ կողմնակի անձի կողմից։