Ժաննա Ֆրիսկեի մասին վավերագրական ֆիլմ կնկարահանեն
Ռուս երգչուհի Ժաննա Ֆրիսկեի հիվանդությունը (քաղցկեղ) շատերին ստիպել է մտածել այն մասին, որ կյանքը շատ արագ է թռչում, և պետք է նրանից ստանալ այն ամենը, ինչ հնարավոր է, գրում է segodnya.ua-ն։
Հենց այդ պատճառով էլ Ժաննայի երկրպագուները որոշել են վավերագրական ֆիլմ նկարահանել երգչուհու մասին՝ հավաքելով բացառիկ կադրեր, տեսանյութեր, երկրպագուների պատմություններ։
«Առաջիկայում կպատրաստվի Ժաննա Ֆրիսկեի մասին շատ մեծ նախագիծ, դա կլինի մեկուկես ժամանոց վավերագրական ֆիլմ նրա կյանքի, ձեռքբերումների մասին, և մենք ցանկանում ենք պատմել այն մարդկանց մասին, ովքեր շատ են անհանգստանում նրա համար, աջակցում են և աղոթում»,- գրել են նկարահանումների կազմակերպիչները։
Նյութերն իսկապես շատ են։ Այդ ամենից անհրաժեշտ է ընտրել ամենագլխավորները և տեղավորել մեկուկես ժամվա մեջ, ինչը շատ բարդ է։
Ֆիլմի թողարկման ստույգ ամսաթիվը դեռևս անհայտ է, սակայն երկրպագուները հույս ունեն, որ շուտով Ժաննան անձամբ կկարողանա ներկա գտնվել ֆիլմի շնորհանդեսին՝ երջանիկ և առողջ։










