Սաուդյան Արաբիայում 400-ից ավելի գիրք է արգելվել
Պահպանողական Սաուդյան Արաբիայում 400-ից ավելի գիրք է արգելվել, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Դրանց թվում են հայտնի պաղեստինցի գրող և պոետ Մահմուդ Դարվիշի ստեղծագործությունները:
Համապատասխան որոշումն ընդունել է թագավորության կրոնական ոստիկանությունը Սաուդյան Արաբիայի անվտանգությանը սպառնացող հրատարակությունների դեմ պայքարի արշավի շրջանակներում:
«420 գրքերի 10 հազարից ավելի կրկնօրինակներ» առգրավվել են գրքի միջազգային տոնավաճառի ժամանակ, որը սկսվել է Էր Ռիադում մարտի 4-ին:
Միաժամանակ արգելքի տակ հայտնված գրքերի քանակն աննախադեպ է: «Ալ-Մութավիի» կողմից նման վճռական միջոցներն ընդունվել են Կատարի և Պարսկական ծոցի երեք միապետությունների՝ Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Բահրեյնի միջև հարաբերությունների լարվածության սրման ֆոնին:
Այնուամենայնիվ, արգելված ստեղծագործությունների հեղինակներին այդ քայլն անգամ ձեռնտու է եղել. ընթերցողները նրանց գրքերին համացանցում ավելի մեծ ուշադրություն են հատկացրել՝ ներբեռնելով էլեկտրոնային տարբերակները:










