Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր Հայաստանի և Արցախի միջև

14:20 • 18.03.14

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության միջև ս. թ. մարտի 18-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:

Հուշագիրը ստորագրել են ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ա. Սամուելյանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Ս. Շահվերդյանը:

Փոխըմբռնման հուշագրով նախատեսված է համագործակցություն օրենսդրության և իրավական ակտերի մշակման ու բարելավման, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, պահպանության, ուսումնասիրման, ամրակայման, վերականգնման և օգտագործման ոլորտներում:

Նախատեսվում է գիտամեթոդական խորհուրդների համագործակցություն, հնագիտական պեղումների, հուշարձանների մոնիթորինգի համատեղ կազմակերպում, աջակցություն թանգարանային նոր ցուցադրությունների կազմակերպման, ինչպես նաև բնագավառի մասնագետների փոխայցելությունների կազմակերպման ուղղություններով: