Լուսանկարիչն արվեստն «ամփոփում է» ջրի 1 կաթիլում (լուսանկարներ)
45-ամյա հրեա լուսանկարիչ Արիկ Կֆիրը, օգտագործելով գերարագ տեսախցիկներ, կարողանում է ջրի մի կաթիլում ֆիքսել հանրահայտ կտավները, մուլտհերոսներին ու ճանաչված մարդկանց դիմանկարները։

Ինչպես նշում է Daily Mail-ը, սիրողական մակարդակի լուսանկարիչն իր «Կաթիլային արվեստ» նախագիծը սկսել է իրականացնել 2011թ., և նրա տպավորիչ հավաքածուն մշտապես համալրվում է նորանոր լուսանկարներով։

Այս հետաքրքիր կադրերը ֆիքսելու համար Կֆիրը լուսանկարի առաջ թափում է կաթիլներ և կարողանում ամենաճիշտ պահին, երբ պատկերն արտացոլվում է կաթիլում, լուսանկարել այն։ Այդպիսով՝ տպավորություն է ստեղծվում, թե պատկերն ամփոփված է ջրի կաթիլում։

Նկարիչը պատմել է, որ այս գործընթացը բավական դժվար ու ժամանակատար է, քանի որ 1 կատարյալ լուսանկար ստանալու համար նրանից կարող է պահանջվել մի ամբողջ օր։



























