Rolling Stones-ի համերգը հետաձգվել է Ջագերի ընկերուհու մահվան պատճառով
Rolling Stones խմբի փրոմոութերները հայտարարել են, որ հետաձգվում է խմբի ծրագրված համերգն ավստրալական Փերթ քաղաքում: Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել խմբի լեգենդար անդամ Միք Ջագերի ընկերուհու մահվան մասին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Տոմսերն առայժմ պահվում են դրանք գնած մարդկանց մոտ՝ համերգի հնարավոր կայացման հեռանկարով:
Չորեքշաբթի խումբը պետք է սկսի իր On Fire համաշխարհային համերգաշրջանի փուլն Ավստրալիայում և Նոր Զելանդիայում: Ընդհանուր առմամբ այնտեղ վեց համերգ է նախատեսվում:
Նախօրեին Ջագերի ընկերուհի Լոուրեն Սքոթին մահացած էին գտել իր բնակարանում: Ջագերի ներկայացուցիչները հայտնել են, որ նա շոկի մեջ է:
Նախնական տվյալով՝ 49-ամյա կինն ինքնասպանություն է գործել: Նա նախկին մոդել, ապա՝ ոճաբան էր:










