Թիմ Կուկը բացասաբար է արտահայտվել Apple-ի մասին նոր գրքի վերաբերյալ

13:43 • 19.03.14

Apple ընկերությանը նվիրված նոր գիրքն այսօր հանվել է վաճառքի։ Գրքում իրադարձությունները զարգանում են այն ժամանակաշրջանում, երբ Սթիվ Ջոբսից հետո ընկերությունը սկսեց ղեկավարել Թիմ Կուկը։

 

Գիրքը, որի հեղինակը The Wall Street Journal պարբերականի նախկին աշխատակից Յուկարի Քեյնն է, կոչվում է «Թափանցիկ կայսրություն» և գրեթե պատկերում է ընկերության ապագա անկումը։ Որոշակի հաջողություններ գիրքն արդեն ունեցել է. այն գրավել է Թիմ Կուկի ուշադրությունը, ով գիրքն անվանել է «անհեթեթություն», գրում է iphones.ru-ն։

 

«Թափանցիկ կայսրությունը» պատմում է ընկերության ներքին խոհանոցի մասին, ինչպես նաև կենտրոնանում է Սթիվ Ջոբսի և նրան փոխարինող Թիմ Կուկի բնավորության առանձնահատկությունների վրա։


«Այս գիրքը նույնպիսի անհեթեթություն է, ինչպես և մյուսները, որոնք նվիրված են Apple-ին և որոնք ես կարդացել եմ։ Մեր ընկերությունում աշխատում է ավելի քան 85.000 մարդ, որոնք յուրաքանչյուր օր գալիս են՝ լավագույն աշխատանքն անելու, աշխարհում լավագույն արտադրանքը ստեղծելու, իրենց հետքը Տիեզերքում թողնելու և այն ավելի լավը դարձնելու համար։ Դա եղել է Apple-ի սրտում առաջին օրվանից և կմնա սրտերում հաջորդ տասնամյակներում։ Ես բացարձակ վստահ եմ մեր ապագայի հարցում»,- ասել է Կուկը։

 

Գրքի հեղինակը բավականին արագ է արձագանքել նրա խոսքերին. «Եթե Թիմ Կուկն այդքան լուրջ է ընդունել իմ գիրքը, ապա այն ազդել է նրա վրա։ Նույնիսկ ես մի փոքր զարմացած եմ այն ենթադրություններից, որոնց հանգել եմ գրքի վերջում, այդ պատճառով էլ զարմանալի չէ, որ այն այդպիսի արձագանք է ունենում։ Ես ուրախ կլինեի շփվել Կուկի կամ ընկերությունից որևէ մեկի հետ։ Գիրքը գրելու պահին իմ հույսը եղել է այն, որ կստիպեմ մտածել, և հույս ունեմ, որ դա մեր զրույցի սկիզբը կդառնա»։
 

Թիմ Կուկը բացասաբար է արտահայտվել Apple-ի մասին նոր գրքի վերաբերյալ