Արամ MP3-իի «Not alone» երգը մեծ շանսեր ունի հաղթելու. Հայաստանի պատվիրակությունը զգում է հաղթանակի շունչը
«Եվրատեսիլ -2014» միջազգային երգի մրցույթին Արամ MP3-իի «Not alone» (Ոչ միայնակ) երգը մեծ շանսեր ունի հաղթելու. այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը։ Նա նկատեց, որ հաղթանակի շունչը զգացել է ոչ միայն youtube-ում դիտումների քանակից (5-դ օրն է, որ 1-ին հորիզոնականում է, ունի ավելի քան 800 000 դիտում), ոչ միայն բուքմեյքերական ընկերությունների վարկանիշներից, այլ եվրոպացիների վերաբերմունքից։
«Եզակի տարիներից մեկն է, որ քիչ թե շատ զգում ենք հաղթանակի շունչը, չնայած դեռ շատ աշխատանքներ կան անելու։ Շնորհավորենք Արամին հիանալի տեսահոլովակի, երգի ու, առհասարակ, մասնակցության համար»,- ասաց նա և տեղեկացրեց, որ այսօր է վերադարձել Կոպենհագենից, ուր հավաքվել էին մասնակից բոլոր երկրների պատվիրակների ղեկավարները։
«Բոլորովին ուռճացրած չէ, շատերը բարևելուց հետո հարցնում էին ի՞նչ եք մտածում, մեծ շանսեր ունե՞ք, հարցնում էին, թե արդյոք շվեդներն են գրել, քանի որ երգի ինդուստրիան նրանց ձեռքում է, ասացինք, որ ոչ մեր տղաներն են գրել»,- պատմեց Գոհար Գասպարյանը։
Արամ MP3-ն հումորով ընդմիջեց, թե հարցնում էին Համալիրի չափերից, բաց հետո արդեն համեստորեն նկատեց, որ ցանկությունն այն է, որ որքան բարձր հորիզոնականներ գրավի, այնքան լավ։ «Ելնելով վարկանիշային գործակիցներից, յութուբյան դիտումներից ու արձագանքներից, ինձ թվում է, առաջին հնգյակում կհայտնվենք»,- ասաց նա։
Արամ MP3-ն նկատեց, որ հիմնական մրցակից է համարում Հունգարիային, որի մասնակցի ձայնն իրեն դուր է եկել։
Անդրադառնալով երգի ոչ ստանդարտ կառուցվածքին, նշեց, որ իրենք առաջինը չեն, որ նման ոճի երգ են ստեղծել։ «Կան համաշխարհային շատ հիթեր, որ նման կառուցվածք ունեն, որոնք ունեն սկիզբ, զարգացում, զարգացման լուծում և ավարտ, եթե խոսքը գնա պարային երգի մասին, ապա պետք է լիներ տուն, կրկներգ, տուն ու նորից կրկներգ։ Մեր դեպքում մենք կպնում ենք մարդու հոգեկան ներաշխարհին, այսինքն՝ հանգիստ է, բռնկվում է, հետո կրկին հանգստանում է։ Մեր հերոսները մեղադրում են իրար, հետո՝ իրենք իրենց, հետո արդեն գիտակցում, թե ինչն է թանկ իրենց համար»,- ասաց նա և ավելացրեց, որ արձագանքները ցույց են տալիս, որ չեն սխալվել։
Ի դեպ, նա համամիտ չէր, որ երգում բացակայում են հայկական էլեմենտները. «Սկզբի մասում՝ դաշնամուրային հատվածում, հայկական ժողովրդականին մոտ էլեմենտներ կան։ Մի փոքր հայկական ակցենտ է»։
Արամ MP3-ն նկատեց, որ մրցույթին ներկայացված երգերում գերակշռում են բալլադային երգերը, իսկ քաղաքականության շրջանակներում չի ուզում կանխատեսումներ անել։ «Եկեք չքաղաքականացնենք։ Ինձ թվում է լավ երգը այս տարի կհաղթի, անակնկալներ չեն լինի»,- նշեց նա։
Իսկ թե ինչ կտեսնի հանդիսատեսը բեմի վրա, դա կլինի նրանց երկրորդ անակնկալը։ Երգիչը միայն նշեց, որ բեք-վոկալ չի լինելու իր հետ, քանի որ նախ՝ տեղ չկա, հետո էլ ինքը մենակ է ուզում ցույց տալ իր ամբողջ «հնարավորությունները»։
«Փակագծերը չեմ ուզում բացել, բայց այս տարի հետաքրքիր է մտածված բեմի ձևը և փորձում ենք նրանց տեխնիկան ու լույսերն օգտագործել»,- հավելեց Գոհար Գասպարյանը և նշեց, որ չի զիջի տեսահոլովակին։
Նա նաև նշեց, որ Արամի պրոմո տուրը կմեկնարկի մարտի 27-ին՝ Ռուսաստանից, այնուհետև կմեկնեն Եվրոպա, մինչև ապրիլի 21-ը և ապա արդեն կսկսեն բեմադրության ու շոուի վրա աշխատել։
Նշենք, որ երգի հեղինակը Արամ MP3-ն է, խոսքերի հեղինակը՝ Գարիկ Պապոյանը, գործիքավորումը կատարել է Լիլիթ Նավասարդյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Գրիգոր Գասպարյանն է։
Մրցույթի կիսաեզրափակիչ փուլերն այս տարի կկայանան մայիսի 6-ին և 8-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 10-ին, Կոպենհագենում։










