Հայաստանում հարուստ խավը մատանու փոխարեն նկար նվիրել չսովորեց. Նկարիչների միության նախագահ

19:42 • 20.03.14

Tert.am-ի հետ զրույցում Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, նկարագրելով մշակույթի նկատմամբ պետության վերաբերմունքը, նշեց, որ տարիներ ի վեր անգամ մեկ օրենք չի ընդունվել, որը կկարգավորեր դաշտը: 


«Այստեղ շուկա չկա: Ուզում եք՝ ebay-ի նման բան սարքեք, ինչ ուզում եք սարքեք, գնորդի պակասություն կա: Դրա համար է պետք, որ պետությունը մի քիչ էսօր տեր կանգնի նկարիչներին, խրախուսի, ոչ թե թողնի ինքնահոսի: Դա նույնն է, որ թատրոններին ասեք՝ դուք ձեր համար տոմս վաճառեք, խաղացեք, լավ կխաղաք, մարդիկ կգան: Կվերանան թատրոնները»,- ասաց նա:


-Պարոն Աղամյան, ակնկալում եք, որ նկարիչների արվեստանոցները գույքահարկից ազատելու հարցը ոչ թե ամեն տարի՝ Երևանի քաղաքապետարանի ավագանու որոշումներով կլուծվի, այլ օրենքով կամ Կառավարության որոշումով: Ուրիշ ի՞նչ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն եք տեսնում:


-Դա ստեղծագործական անձի և ստեղծագործական միությունների մասին օրենքի բացակայությունն է մեր երկրում: Ոչ միայն ես, այլև բոլոր ստեղծագործական միությունների նախագահները տարիներ շարունակ ասում են, խոսում են, գոռում են, գոչում են, առայժմ՝ անարդյունք:


-Այսինքն՝ այն պահանջը, որ Գրողների միությունը, Նկարիչների, մյուս ստեղծագործական միությունները օրենքով չլինեն հասարակական կազմակերպությո՞ւն և վերադառնան ԽՍՀՄ-ի ժամանակ իրենց կարգավիճակին:


-Խորհրդային շրջանում առանձին օրենքներ չեն եղել, դա ուրիշ համակարգ էր՝ Գրողների կամ Նկարիչների միությունը ստեղծագործական միություն էր՝ պետության կողմից հովանավորվող: Մենք կուզենանք, որ գոնե լինի Մերձբալթյան երկրների նման, որտեղ կա ոչ միայն օրենք ստեղծագործական միությունների մասին, այլ առանձին օրենք՝ Նկարիչների միության, Գրողների միության մասին: Այդտեղ, այ այդ աստիճանի լուրջ են վերաբերում:


-Իսկ դա ի՞նչ կտա միությանը:


-Դա կտա այն, որ պետությունը կհասկանա, որ մշակույթը շատ ավելի կարևոր է, քան օրինակ՝ որսորդությունը: Եվ որոշակի պարտականություններ կունենա մշակույթի զարգացման առումով…


-Իսկ ինչո՞ւ եք բերում որսորդության օրինակը:


-Շատ ճիշտ բերեցի, որովհետև Նկարիչների միությունում հավաքված են մասնագիտական ոլորտի մարդիկ, իսկ որսորդ կարող է լինել նկարիչը, խառատը: Հասարակական կազմակերպությունները լրիվ այլ բան են:


-Ես այսօր կարդացի նաև, որ Նկարիչների միությունը գումար չունի էլեկտրաէներգիայի վարձը վճարելու համար: Սովորաբար, ԳՄ-ն, ԳԱԱ ինստիտուտները, որոնք տեղակայված են կենտրոնում, իրենց այդ խնդիրները լուծում են տարածքներ վարձակալության տալով:


-Մենք էլ ենք տալիս, ու կարող եմ ասել, որ միությունն ապրում է միայն վարձակալած տարածքներով, ինչը շատ քիչ է: Վերջին շրջանում բոլորի գործերը վատացել են, բոլորը գնում են, վիճակն էլ ավելի է ծանրացել: Գաղտնիք չէ, որ մենք բյուջեից որևէ լումա չենք ստանում, մենք բյուջետային կառույցներ չենք:


-Ակնկալո՞ւմ եք բյուջեից գումարներ՝ նաև միության անդամների աշխատավարձերի համար, ինչը նախկինում էր:


-Նկարչի աշխատավարձ չեմ ակնկալում, նման բան չի կարող լինել, բայց կրկնում եմ, որ պետությունը պետք է ունենա իր մշակութային քաղաքականությունը, որի վրա պետք է փող ծախսի, մշակույթի վրա. լինի գրող, թատերական գործիչ, թե նկարիչ: Օրինակ բերեմ Ուկրաինայի նկարիչների միությունը, որը պետբյուջեից ստանում է որոշակի գումարներ, ոչ միայն միության նախագահի ու մյուսի, մյուսի աշխատավարձերը, այլև ներքին պահպանման համար, դահլիճների սպասարկման համար: Որովհետև իրենք հասկանում են, որ պետք է տեր կանգնել մշակույթին; Իսկ եթե վաղը ես որոշեմ, որ էլ չեմ գնալու գործի, ամեն ինչ տապալվի, գնա… սա ինչ կլինի: Կրկնում եմ՝ մենք կարող ենք լինել, կարող ենք նաև չլինել, սա արդեն միայն մեր խղճի վրա է:


-Հայաստանում համացանցային աճուրդ կազմակերպվեց՝ ebay-ի նման, որն իրականացնում է արվեստի այլ գործերի թվում նաև ժամանակակից նկարչների գործերի վաճառք: Սա ինչ-որ բան տալի՞ս է հայ նկարիչներին՝ վաճառքի առումով:


-Անկեղծ ասեմ՝ տեղյակ չեմ՝ ինչ-որ բան վաճառվել է, թե չէ, բայց այստեղ շուկա չկա: Ուզում եք ՝ ebay-ի նման բան սարքեք, ինչ ուզում եք, սարքեք, գնորդի պակասություն կա: Դրա համար է պետք, որ պետությունը մի քիչ էսօր տեր կանգնի նկարիչներին, խրախուսի, ոչ թե թողնի ինքնահոսի: Դա նույնն է, որ թատրոններին ասեք՝ դուք ձեր համար տոմս վաճառեք, խաղացեք, լավ կխաղաք, մարդիկ կգան: Կվերանան թատրոնները:


-Հայտնի են մի քանի քաղաքական գործիչների, գործարարների անունները, որոնք նկարների մասնավոր հավաքածուներ ունեն և հետաքրքրվում են կերպարվեստով: Օրինակ՝ ներկայումս Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը ասում էր, որ ինքը միշտ կոչ է անում փող ունեցող մարդկանց գնել նկարներ, և օրինակ՝ ինչ-որ մեկի հարսանիքին «Դյուպոն» խիստ թանկարժեք կրակայրիչ կամ մատանի նվիրելու փոխարեն նվիրել կտավ: Չկա՞ն նման մեծահարուստներ, որոնք գումարներ են դնում նկարների հավաքածուների մեջ:



-Ես, անկեղծ, շատ նման դեպքեր չգիտեմ, գուցե եղել են 1-2 դեպքեր. դա համատարած չէ և դա եղանակ չի ստեղծում:


-Այսինքն՝ ժամանակակից հայ նկարիչը, ով որոշակի անուն ունի, որտե՞ղ կարող է վաճառել իր նկարները: Դա Հայաստա՞նն է, արտասահմանը:


- Հայաստանում այսօր կան մի քանի կետեր, որտեղ կարելի է վաճառել, և դրանք պատկերասրահներ են: Մի երկու-երեք, մտեք իրենցից հարցրեք՝ քանի՞ նկար են վաճառել այս տարվա ընթացքում, և դա ի՞նչ է տալիս: Սա միգուցե մի քանի հաճախորդների համար ապրուստի միջոց է, և մի 2-3 նկարչի համար՝ եկամուտ: Բայց մենք խոսում ենք, առհասարակ, մշակույթի մասին, ոչ թե փողի, և Հայաստանում, մի մոռացեք, որ միության անդամների քանակը մոտ 700 է:


-Իսկ արտասահմանը կարո՞ղ է շուկա դառնալ: Հայտնի է, որ բազմաթիվ նկարիչներ բնակվում են դրսում, և անգամ Մոնպառնասում հանդիպել եմ հայ նկարիչների:


-Մեզ ոչ ոք դրսում չի սպասում: Նույն Ֆրանսիայում հազարավոր նկարիչներ կան, որոնք չեն կարողանում իրենց գլուխը պահել: Սա էդքան հեշտ կյանք չի: Իսկ Ձեր ասած նկարիչը այնտեղ շատ ողորմելի վիճակում է, շատերն են գնացել, միության անդամներից առնվազն 300-ը Հայաստանում չեն, նրանց քանի՞ տոկոսն է նկարչությամբ ապրում: Շատ չնչին: Այնպես որ, աշխարհը շատ դժվար է և դաժան:


-Փաստորեն, լուծումը տեսնում եք այն ընդհանուր նախադասության մեջ, որ պետությունը պետք է մշակույթին ուշադրությո՞ւն հատկացնի:


- Դա մի խոսքով ասացի, և «Ստեղծագործական միությունների մասին» 30-40 էջանոց օրենքն ունի շատ հստակ առաջարկներ, բայց քանի անգամ հետաձգվել է:

 

-Դա ներկայացրե՞լ եք Մշակույթի նախարարություն:


-Դա քանի տարի է՝ ներկայացվել է ԱԺ, բայց սայլը տեղից չի շարժվում: Եթե հարցնեք՝ ինչո՞ւ, չեմ կարող պատասխանել, որովհետև դա ինձ համար գաղտնիք է: