Արվեստագետներն ԱԺ–ում ցուցահանդես–վաճառք կկազմակերպեն՝ Գյումրիի Մերկուրովի անվան նկարչական դպրոցին աջակցելու համար

12:03 • 20.03.14

Մոտ 30 նկարչի շուրջ 40-50 աշխատանք մարտի 24-ից 28-ը կներկայացվի Ազգային ժողովի ցուցասրահ՝ ցուցահանդես-վաճառք կազմակերպելու նպատակով: Վաճառքից գոյացած գումարներն ուղղվելու են Գյումրիի Մերկուրովի անվան նկարչական դպրոցի վերակառուցմանը:


«Շիրակ» հայրենակցական միության ՀԿ նախագահ Վարազդատ Ավոյանը և գեղանկարիչ Սամվել Սևադան լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասացին, որ 1988 թվականի աղետը մեծ ավերածություններ է գործել նաև մշակութային օջախներում, այդ թվում նաև Մերկուրովի անվան նկարչական դպրոցում:


Բանախոսների հաղորդմամբ՝ «Շիրակ» հայրենակցական միությանը խիստ մտահոգել է արվեստի այդ օջախի խնդիրները, և շիրակցի արվեստագետները որոշել են բարձրացնել մշակութային կենտրոնի վերակառուցման հարցը։


Մեկ ցուցահանդես-վաճառք արդեն կազմակերպվել է, որից հավաքագրվել է 700 հազար դրամ: Վարազդատ Ավոյանի խոսքով՝ այս անգամ այն որոշել են Ազգային ժողովի ցուցասրահում կազմակերպել, որպեսզի օրենսդիրների ուշադրությունը ևս հրավիրեն նշված խնդրին։


«Շիրակից ընտրված պատգամավորները պետք է ավելի ակտիվ լինեն այս հարցում։ Հանրաճանաչ հեղինակների հանրաճանաչ գործեր ենք ներկայացնելու Ազգային ժողովի ցուցասրահում: Հուսով ենք, որ կգտնվեն մարդիկ, ովքեր ցանկություն կունենան օգնել մշակութային օջախին,-ասաց ՀԿ-ի նախագահը,-մենք զենքերը վայր չենք դնելու, մեր գործը շարունակելու ենք։ Հայաստանում եթե բարեհաջող արդյունքներ ունենանք, կշարունակենք նաև արտասահմանում, որտեղ մեր հայրենակիցները նույնպես կարող են իրենց մասնակցությունն ունենալ»։


Վարազդատ Ավոյանի խոսքով՝ նկարչական դպրոցի խնդրի լուծման համար երկու ճանապարհ կա՝ կա՛մ պետական հոգածության ճանապարհ, կա՛մ բարեգործների աջակցություն։


Գեղանկարիչ Սամվել Սևադան էլ ասաց, թե որպես գյումրեցի նկարիչ, ինքն իսկապես ցավում է այդ դպրոցի կորստի համար, դրա համար էլ որոշել է իր մասնակցությունն ունենալ և օգնել։


««Շիրակ» հայրենակցական միությունը տեղական իշխանությունների մոտ հարցը բարձրացրել է, և մարզպետն ու Գյումրիի քաղաքապետը դրական պատասխան են տվել։ Չնայած խոստումներին, դեռ որևէ բան արված չէ, դրա համար որոշեցինք հայրենակցական միության միջոցներով սայլը տեղից շարժել, ու հենց այդ նպատակով Ազգային ժողովում կազմակերպել ցուցահանդես-վաճառքը, որպեսզի մեր գործարար պատգամավորները ևս իրենց մասնակցությունն ունենան դպրոցի կառուցման գործում»,-ասաց Սամվել Սևադան: