Ճարտարապետ Արմեն Ղազարյանը` «ԵՄ-Եվրոպա նոստրա» միջազգային մրցանակի դափնեկիր
Երեկ` 2014թ. մարտի 20-ին, Եվրոպական միությունը և «Եվրոպա նոստրա» կազմակերպությունը Հաագայում ներկայացրել են մշակութային ժառանգության բնագավառում Եվրոպական միության ամենամյա մրցանակաբաշխության հաղթողներին: Այս մասին տեղեկացնում է «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» կազմակերպությունը։
Երեսուն երկրներից ներկայացված 160 նախագծերից մրցանակի են արժանացել 27-ը: Միջազգային ժյուրիի որոշմամբ, ավելի ուշ, մրցանակակիր 27 նախագծերից 6-ին կշնորհվի Մեծ մրցանակ` յուրաքանչյուրին 10 հազար-ական եվրո գումար:
Մրցույթի շրջանակում «Եվրոպա նոստրա» ամենամյա մրցանակի են արժանացել ԵՄ կողմից 2007-2013թթ. իրականացված ՄՇԱԿՈՒՅԹ ծրագրին ոչ-մասնակից եվրոպական 2 երկրներից /Ռուսաստան, Շվեյցարիա/ ներկայացված նախագծեր ևս: Վերջիններիս թվում, «Ուսումնասիրություն» անվանակարգում մրցանակ է շնորհվել նաև Մոսկվայի Արվեստաբանության պետական ինստիտուտի աշխատակից, ճարտարապետության դոկտոր, «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» կազմակերպության անդամ Արմեն Ղազարյանին` «Հարավային Կովկասի 7-րդ դարի եկեղեցական ճարտարապետությունը» քառահատոր ուսումնասիրության համար:
«Եվրոպա նոստրա»-ի կողմից երեկ տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է. «Ժյուրին տպավորված է այս գիտական ուսումնասիրության և վերլուծության արդիական նշանակությամբ: Այն ընդգրկում է 7-րդ դարում Հարավային Կովկասում քրիստոնեական ճարտարապետության համալիր զարգացումը, սահմանում է ժամանակագրությունը, բացահայտում ճարտարապետության մեջ միջնադարյան պատկերագրության սկզբունքները տարածաշրջանում և այլուր Եվրոպայում: Այս ուսումնասիրության մեջ օրինակելի են մեթոդաբանության ճշգրտությունը և եզրահանգումների խորությունը »:
Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա 2014թ. մայիսի 5-ին` Վիեննայում, Ավստրիայի Նախագահ Հայնց Ֆիշերի բարձր հովանու ներքո:
«ԵՄ-Եվրոպա նոստրա» ամենամյա մրցանակաբաշխությանը Հայաստանի Հանրապետությունից մասնակցության 1-ին հայտը ներկայացվել է 2012թ. և արժանացել պատվոգրի` «Անհատի կողմից օրինակելի ներդրում» անվանակարգում:










