Ոստիկանությունը վերանայում է Քուրտ Քոբեյնի ինքնասպանության գործը՝ նոր լուսանկարների պատճառով

09:08 • 21.03.14

Ամերիկյան Սիեթլ քաղաքի ոստիկանությունը վերանայում է հանրահայտ Nirvana խմբի մենակատար Քուրտ Քոբեյնի ինքնասպանության գործը, քանի որ ի հայտ են եկել դեպքին առնչվող նոր լուսանկարներ։

 

Ինչպես նշում է Газета-ն, մասնավորապես հայտնաբերվել է 4 ֆոտոժապավեն, որոնցում պատկերված է այն բնակարանը, որտեղ 1994թ. հայտնաբերվել է Քոբեյնի՝ գլխի հատվածում հրազենային վնասվածքով դին։ Նոր լուսանկարները թույլ են տալիս առավել մանրակրկիտ ուսումնասիրել դեպքի վայրը։ Օրինակ՝ դրանցից մեկում երևում է ծխախոտի մի տուփ, որում դրված են գդալ ու ներարկիչներ։

 

Սակայն աղբյուրն ընդգծում է, որ սա ամենևին էլ չի նշանակում, որ Քոբեյնի ինքնասպանության գործը վերաբացվելու է։
Երաժիշտն ինքնասպան է եղել 1994թ.՝ 27 տարեկանում։ Այս ապրիլին կլրանա նրա ինքնասպանության 20-րդ տարելիցը։