Ովքեր են Օպերայի տնօրենի պաշտոնի թեկնածուները և ինչ են առաջարկում
Մշակույթի նախարարության կողմից հայտարարված Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին, թեև առաջադրվել են 9 թեկնածուներ, սակայն նրանց անունները չեն հրապարակվում:
Tert.am-ի հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ալլա Սերոբյանը նշեց, որ պարզապես պահպանվում է մարդու կյանքի գաղտնիության իրավունքը, ինչը նաև օրենքի պահանջ է:
«Թեկնածուներն իրենց մասնակցության մասին կարող են խոսել, հրապարակել, բայց, անձի կյանքի գաղտնիության իրավունքը հաշվի առնելով, մենք անուններ չենք հրապարակում»,-ասաց նա և տեղեկացրեց, որ մրցույթը տեղի կունենա ապրիլի 4-ին:
Այնուամենայնիվ, արդեն հայտնի են առաջադրվածներից մի քանիսի անունները՝ օպերային երգիչ Բարսեղ Թումանյան, կոմպոզիտոր Երվանդ Երկանյան, կոմիտասագետ Արթուր Շահնազարյան, Կամերային երաժշտության տան տնօրեն Արման Ծատուրյան, Ա. Բաբաջանյանի անվան համերգասրահի տնօրեն Գագիկ Մանասյան, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատար Տիգրան Դավթյան, օպերային բարիտոն Գևորգ Հակոբյան:
Կոմպոզիտոր Երվանդ Երկանյանը Tert.am-ի հետ զրույցում չցանկացավ ներկայացնել այն հայեցակարգը, որով պետք է առաջնորդվի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու դեպքում: Նա նշեց, որ այս պահին ավելորդ է համարում հանրությանը ներկայացնել իր ծրագրերը:
«Ես մրցույթին մասնակցելիս հայեցակարգը ներկայացրել եմ, ում հետաքրքրում է՝ գիտի, իսկ լայն հանրությանը դրանք ներկայացնելը վաղաժամ եմ համարում»,-ասաց նա:
Ի տարբերություն նրա՝ իր ծրագրերի հետ մեզ հետ զրույցում կիսվեց թատրոնի մենակատար Տիգրան Դավթյանը: Նա առաջնահերթ համարեց թատրոնում նորարարական և փորձարարական ներկայացումների՝ ընդհուպ մինչև հանդիսատեսի և բեմի միջև անջրպետի վերացումը, ինչպես նաև մանկական օպերաների վերականգնումը:
«Պետք է առաջիկա գոնե 20 տարիներին կարողանանք մատաղ սերնդի դաստիարակությամբ զբաղվել, որպեսզի նրանք հետագայում դառնան մեր աշխատողները, մեր հանդիսատեսը, իսկ դրա համար պետք է վերականգնել մանկական օպերաները, դպրոցների ֆիլհարմոնիաները, որպեսզի չունենանք այն ստեղծագործական լճացումը, ինչին հանգել ենք այսօր: Պետք է թատրոնում լինի քննադատների ու թատերագետների բաժին: Այսօր, իհարկե, կարող ենք ունենալ «Արշակ Երկրորդ» ներկայացում, «Սպարտակ» և այլն, բայց դրանք երկու-երեք ներկայացումից հետո չենք ունենա հանդիսատես»,-ասաց նա և ընդգծեց, որ այսօր հասարակությունը հեռացել է օպերային թատրոնից:
Տիգրան Դավթյանը նաև կարևորեց մարզերում մոնո ներկայացումների ցուցադրությունը, ինչը ևս կվերականգնի հանդիսատես-թատրոն կապը: Այս բոլոր փոփոխությունների համար, ըստ նրա, հարկավոր է առնվազն մեկ տարի:
«Հեռուստաընկերություններով պետք է ներկայացումներ հաճախ ցուցադրվեն, այսօր էլ, երբեմն, ցուցադրում են, բայց վերլուծական միտք, հոդվածներ գոյություն չունեն արվեստի այս տեսակի մասին: Այսօր ֆանտաստիկ պատկերացումներ ունեն մարդիկ օպերային արվեստի մասին, մինչդեռ այն գոյություն ունի Հայաստանում: Իրականում ինչպիսի վիճակում այսօր մեր երկիրն է, այնպես էլ թատրոնն է իր բոլոր խնդիրներով»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է թատրոնի ֆինանսական միջոցներին, ապա Տիգրան Դավթյանը իր կողմից նշված բոլոր փոփոխությունների իրականացումը հնարավոր համարեց ներկայիս միջոցներով, սակայն նշեց, որ պետք է զուգահեռ աշխատել նաև գործարար շրջանակի հետ:
«Գործարար շրջանակներին այս գործին պետք է փորձենք ներքաշել, նրանք պետք է ներգրավված լինեն թատրոնի անցուդարձին, բայց, իհարկե, ոչ պայմաններ թելադրելու մեթոդներով: Թատրոնը չի կարող առաջնորդվել մի քանի հոգու քմահաճույքով»,-ասաց նա:
Տիգրան Դավթյանը վերջում ընդգծեց, որ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում թեկուզ փոքր, բայց ամեն օր պետք է լինեն ներկայացումներ. թատրոնը մեռյալ զոնա չպետք է լինի:
Օպերային երգիչ Բարսեղ Թումանյանն էլ ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում նշել էր, որ փոխելու շատ բան կա թատրոնում, բայց ամենակարևորն այն է, որ պետք է վերադառնանք այն գաղափարին, թե ինչ է օպերային թատրոնը, ինչպիսի օպերային թատրոն ենք մենք ակնկալում ունենալ:
«Այս գաղափարի մեջ մտնում է հետևյալը՝ հայ ազգը կամ հայի տեսակը որքանո՞վ է ընդգրկվում համամարդկային արժեքների մեջ: Օպերային թատրոնը միակ տաճարն է, որտեղ արարվում են մշակութային արժեքները, որոնք կարող են համակցվել համամարդկային արժեքներին»,-ասել էր նա:
Բարսեղ Թումանյանի Facebook-յան իր էջում ամբողջությամբ ներկայացրել է այն հայեցակարգը, որով պետք է առաջնորդվի թատրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու դեպքում:










