Հասկանում եմ տիկին Ֆետիսովայի դրդապատճառները. Ս. Սարգսյանը` ուկրաինացի ռեժիսորի`մրցանակի արարողությունից բացակայելու մասին

18:28 • 21.03.14

«Փարաջանով» ֆիլմը, որը նկարահանվել է հայ, ֆրանսիացի և ուկրաինացի ռեժիսորների ու պրոդյուսերների համատեղ ջանքերով, այսօր արժանացավ ՀՀ 2013թ-ի պետական մրցանակի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով: Մրցանակ ստացավ ինչպես գլխավոր ռեժիսոր ֆրանսահայ Սերժ Ավետիքյանը, ռեժիսոր պրոդյուսեր Մարտուն Ադոյանը, պրոդյուսեր Թագուհի Կարապետյանը, այնպես էլ ուկրաինացի ռեժիսոր Ելենա Ֆետիսովան, սակայն որոշակի դրդապատճառներով վերջինս չէր ներկայացել պետական մրցանակի հանձման արարողությանը:


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը միջոցառմանը նշեց, որ ինքը ուկրաինացի ռեժիսորից նամակ է ստացել, որում վերջինս, նախագահի խոսքերով, շատ հարգալից կերպով շարադրել է Երևան չժամանելու իր դրդապատճառները:


«Ես իր գործընկերների միջոցով իրեն կփոխանցեմ պետական մրցանակը և իր իսկ ցանկությամբ մրցանակի դրամական բաղադրիչը կուղղենք բարեգործական նպատակներին՝ այն կրկնապատկելով ՀՀ նախագահի հիմնադրամից: Ուզում եմ ասել, որ հասկանում եմ տիկին Ֆետիսովայի դրդապատճառները, բայց ուզում եմ դիմել հարգարժան տիկնոջը և ուկրաինական ժողովրդին՝ ասելով, որ մենք եղբայրական ժողովուրդներ ենք և այդ եղբայրության ու բարեկամության մասին են վկայում հազարավոր փաստեր՝ Լվովի միջնադարյան տաճարներից սկսած մինչև այսօրվա Հայաստանում գործող ուկրաինական համայնքի ակտիվ դիրքորոշումը»,-ասաց նա:


Սերժ Սարգսյանը հիշեցրեց, որ երկու երկրների ժողովուրդները դարեր շարունակ ուս ուսի կռվել են միասին զավթիչների դեմ: Ավելին՝ հազարավոր փառավոր էջեր ունեն պատմության, այդպես եղել է ու այդպես էլ շարունակվելու է:


«Այնպես է պատահում, որ ժամանակի ու իրադարձությունների թոհ ու բոհի մեջ տարբեր երևույթներ ունենում են տարբեր ընկալումներ, բայց ժամանակի մեծությունը կայանում է նրանում, որ ժամանակի ընթացքում ամեն ինչը հստականում է, տարըմբռնումները վերանում են և ամեն ինչ ընկնում է իր տեղը: Մեկ անգամ ևս կրկնում եմ, որ ուկրաինացիները մեր եղբայրներն են, խնդրում եմ մրցանակը փոխանցել իրեն»,-ասաց նա: