Ֆանի Արդանը նշում է 65-ամյակը (լուսանկարներ)
Ֆրանսիացի դերասանուհի Ֆանի Արդանն այսօր նշում է ծննդյան 65-ամյակը, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը։

Դերասանուհին ծնվել է 1949 թվականի մարտի 22-ին, սպայի ընտանիքում։ Դերասանական կարիերան սկսել է 20 տարեկանում՝ թատրոնում։ 1975-ին ունեցել է առաջնեկին՝ դստերը՝ Լյումիր Լևերին։
1979-ին ծանոթանալով հանրահայտ ֆրանսիացի ռեժիսոր Ֆրանսուա Տրյուֆոյի հետ՝ դարձել է նրա ընկերուհին։ Տրյուֆոն Ֆանիին Ժերար Դեպարդյեի հետ նկարահանել է «Հարևանուհին» ֆիլմում (1981թ.)։

Այս ֆիլմում դերի համար նա արժանացել է հեղինակավոր «Սեզար» մրցանակի։
1983-ին նա Տրյուֆոյից լույս աշխարհ է բերել երկրորդ երեխային՝ Ժոզեֆինային։
Իսկ երրորդ դստերը՝ Բալանդինին, ըստ լրատվամիջոցների, ունեցել է ռեժիսոր Ֆաբիո Կոնվերսիից։ Սակայն նա այդպես էլ երբեք ամուսնացած չի եղել։
Նկարահանվել է ավելի քան 70 ֆիլմում, խաղացել թատրոնում, վերջին տարիներին որպես ռեժիսոր նկարահանել 2 ֆիլմ։














