Բարեգործական ցուցահանդես-վաճառք՝ դերասան Կարեն Մկրտչյանի համար (լուսանկարներ)
Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ցուցասրահում այսօր բացվեց ցուցահանդես-վաճառք, որից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է դերասան Կարեն Մկրտչյանի բուժման համար։ Ցուցահանդեսը կազմակերպել է ակադեմիայի ուսանողական խորհուրդը:
«Ցուցահանդեսի նպատակը Կարեն Մկրտչյանին օգնելն է, ցուցահանդեսից ստացված ամբողջ գումարը փոխանցվելու է Կարենի հաշվին: Նման ցուցահանդես իրականացնելու գաղափարը մեր ուսանողներինն է, իրենք եկել ու առաջարկել են, մենք էլ դիմել ենք Հայաստանի երիտասարդական հիմնադրամին և նրանց աջակցությամբ կազմակերպել այս ցուցահանդեսը»,-Tert.am-ին ասաց ուսանողական խորհրդի նախագահ Էդուարդ Ավետիսյանը:
Վերջինիս ներկայացմամբ՝ սկզբում որոշել էին ցուցադրության դնել միայն ուսանողների գործերը, սակայն հետագայում որոշում կայացվեց դասախոսներինը նույնպես ցուցադրել:
«Այսօր արդեն հինգ նկար վաճառվել է, ցուցահանդեսը կշարունակվի մինչև մարտի 27-ը, և մենք դեռ սպասում ենք հյուրերին»,-ասաց նա և ավելացրեց, որ ներկայացված ամենաթանկ աշխատանքն արժե 150.000 հազար դրամ, և բոլոր նկարներն իրենց իրական գներից ավելի ցածր են վաճառքի դրված: Իսկ այսօր ամենաթանկ վաճառված կտավն արժեր 100.000 դրամ:
ՈւԽ նախագահը նաև նշեց, որ ՀԵՀ-ն իրենց աջակցել է լրատվամիջոցներին տեղյակ պահելու, ինչպես նաև ցուցահանդեսի մասին տեղեկության տարածման հարցերում, քանի որ իրենք նմանատիպ ցուցահանդեսներ նախկինում էլ էին կազմակերպել, բայց բացի իրենց ուսանողներից ու դասախոսներից, ոչ ոք չէր այցելել:
Այսօրվա գնորդներից էր նաև Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ, ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը:










