Չհրապարակված էջեր Մհեր Մկրտչյանի կյանքից. լույս կտեսնի 3 գիրք և կնկարահանվի 2 ֆիլմ

12:42 • 24.03.14

Հայազգի հանճարեղ դերասան Մհեր Մկրտչյանի մասին չհրապարակված լուսանկարներ և պատմություններ կհրապարակվեն, և այս տարի նրա մասին լույս կտեսնի երեք գիրք և կնկարահանվի երկու ֆիլմ: Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտարարեցին Մհեր Մկրտչյանի այրին՝ Թամար Հովհաննիսյանը և կինոքննադատ Զավեն Բոյաջյանը:


«Գրքերը լույս կտեսնեն երեք լեզուներով, խոսքը երեք գրքի և երկու ֆիլմի մասին է։ Առաջին գիրքը ֆոտոալբոմի բնույթ ունի, այդ ալբոմի մեջ ընդգրկված են ավելի քան 250 լուսանկար, որոնք երբևէ չեն հրապարակվել որևէ տեղ և Թամար Հովհաննիսյանի արխիվից են»,-ասաց Զավեն Բոյաջյանը՝ ավելացնելով, որ Թամար Հովհաննիսյանն իր հասանելիք աշխատանքն արդեն արել է, բոլոր լուսանկարները մեկնաբանված են:


Նրա փոխանցմամբ՝ երկրորդ գիրքը կլինի Թամար Հովհաննիսյանի հուշերը Մհեր Մկրտչյանի մասին, որը ևս կլինի շատ ճոխ նկարազարդումներով, պարզապես այն կլինի ավելի անձնական բնույթի, իսկ Մհեր Մկրտչյանն այնպիսի մարդ է, ում կյանքի ցանկացած մանրամասներ հետաքրքիր են հանրությանը:


«Մհեր Մկրտչյանին շատ հաճախ ներկայացնում են զանազան հումորային հուշերով, իսկ երկրորդ գիրքը նրան կներկայացնի որպես արտիստի»,-նկատեց նա:


Դառնալով գրքերին և ֆիլմերին՝ Թամար Հովհաննիսյանն ավելացրեց. «Մի անգամ, երբ բարկացած հարցրեցի նրան, թե ինչ պիտի լինի այս ամենի վերջը, Ֆրունզը նայեց, մի պահ լռեց և պատասխանեց՝ հիշողություն: Ինձ համար այդ մարդը գոյություն ունի մինչ օրս, և մեր հարաբերությունները գոյություն ունեն մինչ օրս: Այո, անվանենք հուշագրության մի շարք, բայց կենդանի շարք: Երևի այդպես պետք է լինի, ինքը պետք է ապրի ֆիլմում»:


Գիրքը կհրատարակի «Անտարես» հրատարակչությունը, որի տնօրեն Արմեն Մարտիրոսյանն ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ իրենք բաց են համագործակցության համար և ցանկացողները կարող են դիմել իրենց: