Ամենակարևորը հասկանալն է, թե ինչի հետևանքով է օպերայի և բալետի թատրոնը հայտնվել լճացած վիճակում. Բարսեղ Թումանյան
ԱԺ «Հայ յեղափոխական դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, օրերս Ազգային ժողովի նիստում հայտարարություններին ժամին անդրադառնալով Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ղեկավարի ընտրությանը, առաջարկեց այն տեղափոխել, քանի որ դեռ մշակված չէ այն մոդելը, որով պետք է առաջնորդվի թատրոնը:
Այս հարցի շուրջ Tert.am-ը զրուցեց օպերային հայտնի երգիչ Բարսեղ Թումանյանի հետ, ով իր թեկնածությունն է առաջադրել ապրիլի 4-ին կայանալիք ընտրությանը:
Նա, մասնավորապես, նշեց, որ չի կարող ասել, թե ընտրության օրը փոխելու անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ, քանի որ այդ հարցով պետք է զբաղվի ՀՀ մշակույթի նախարարությունը, սակայն անդրադառնալով թատրոնի ֆինանսական խնդիրներին՝ ասաց.
«Իհարկե՝ այսօր թատրոնն ունի աուդիտի կարիք, քանի որ պետք է հասկանանք, թե ինչու ենք հայտնվել այս իրավիճակում: Արդեն 20 տարի թատրոնն աղավաղված ձևով է աշխատում, և այսօր ամենակարևորը հասկանալն է, թե ինչի հետևանքով է հայտնվել լճացած վիճակում և չի կարողանում աշխատել: Միշտ ասում են՝ փող չկա, բայց իմ կարծիքով՝ խնդիրներն այդտեղ շատ ավելին են, քան՝ ֆինանսականը: Այնտեղ ստեղծագործական աշխատանք չի իրականացվում, որից էլ բխում են մի շարք հարցեր»,-ասաց նա:
Հարցին, թե արդյո՞ք հենց ֆինանսական խնդիրների պատճառով չէ, որ հաճախ տուժում է ստեղծագործական աշխատանքը, Բարսեղ Թումանյանը պատասխանեց, որ լիարժեք արդյունք ստանալու համար իրականում երկուսը պետք է զուգակցվեն, սակայն նաև նշեց.
«Ես այսօր չեմ տեսնում ռազմավարություն, որ ասեմ՝ ֆինանսական խնդիրների պատճառով է, որ որոշ հարցեր չեն լուծվում: Լճացած վիճակում եթե անգամ՝ մարդկանց գումարը կրկնպատկենք, ավելի լավ չեն երգի, ավելի լավ չեն պարի, թատրոնն ավելի լավ չի աշխատի: Այսօր ոմանց գուցե ոգևորի գումարը, բայց սկզբունքորեն անհրաժեշտ է համակարգային աշխատանք: Ցավոք՝ թատրոնը մեկ օրում կառուցվող կառույց չէ, արդեն 70 տարվա պատմություն ունի և կաթիլ-կաթիլ կորցնում է իր ակադեմիական տեսքը: Պետք է ամեն ինչ անել, որ թատրոնը վերադառնա իր ակադեմիական տեսքին»,-ասաց նա:
Անդրադառնալով հարցին, թե այս տարիների ընթացքում Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնը՝ որպես մշակութային կարևոր կենտրոն, որակական ի՞նչ անդառնալի շեղումներէ գրանցել, բանախոսը նշեց, որ այն այսօր կիսով չափ վերածվել է վարձով տրվող տարածքի:
«Օպերային թատրոնն ընդհանրապես իր մեջ կրում է բոլոր հանճարների ստեղծագործությունների միավորումը՝ Վերդի, Շեքսպիր, Պուշկին, Գյոթե և այլն: Այստեղ միավորված են երաժշտությունը, նկարչությունը, ճարտարագիտությունը, գրականությունը, և այդ տաճարի հարցում չի կարելի գնալ կոմպրոմիսների: Չի կարելի վարձով տալ, որ ով ուզի՝ երգի, ինչ ուզենա՝ անի: Թատերական մթնոլորտն այնտեղ ամբողջովին փչացել է»,-ասաց նա:
Բարսեղ Թումանյանն ընդգծեց, որ այսօր օպերային թատրոնում ընդամենը՝ մի քանի հին ու մաշված ներկայացումներ են բեմադրվում, իսկ կադրերի պակաս իրականում չկա, «պարզապես՝ պետք է նրանց հետ զբաղվել»:
«Անգամ փայլուն ձայներ ունենք երիտասարդների շրջանում, բայց նրանց հետ պարապել է պետք»,-ասաց նա:
Ընտրվելու դեպքում Բարսեղ Թումանյանը հնարավոր է՝ կադրային ջարդ անի, քանի որ «թատրոնը դեռ չի չորացել»:
Նա ընդգծեց, որ Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնը 1-3 տարվա ընթացքում կարելի է հասցնել նորմալ վիճակի:










