Ինդոնեզիան արգելել է «Նոյ» ֆիլմը

11:46 • 25.03.14

Ինդոնեզիան արգելել է Ռասել Քրոուի մասնակցությամբ հոլիվուդյան «Նոյ» ֆիլմի ցուցադրությունը, հայտնում է Yahoo News-ը: Այս կերպ Ինդոնեզիան դարձել է վերջին մուսուլմանական երկիրը, որտեղ կարծում են, թե ֆիլմը հակասում է իսլամական արժեքներին: 

 

Աշխարհի ամենամեծ մուսուլման բնակչությունն ունեցող Ինդոնեզիայում գրաքննիչները ֆիլմն արգելել են ուրբաթ օրը նախատեսված ցուցադրությունից առաջ: Նրանց փաստարկն այն է, որ իսլամում արգելվում է մարգարեներին պատկերել, իսկ Նոյը մարգարե է համարվում մուսուլմանների համար:

 

Ինդոնեզացի գրաքննիչներն ասել են նաև, որ իրենց կարծիքով՝ ֆիլմը կվիրավորի ոչ միայն մուսուլմաններին, այլև քրիստոնյաներին:

 

Ավելի վաղ Դարեն Արոնոֆսկու այս ֆիլմն արգելվել էր Կատարում, Բահրեյնում և Արաբական Միացյալ Էմիրություններում: Եգիպտոսում ևս կոչ էին արել չցուցադրել ֆիլմը: Ֆիլմի առիթով վրդովմունք են հայտնել նաև ԱՄՆ-ի քրիստոնեական հաստատությունները: