Ըստ Հասմիկ Պողոսյանի՝ զարգացման հայեցակարգն է գլխավոր լինելու Օպերայի տնօրենի թափուր պաշտոնում ընտրության հարցում
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը մշակույթի նախարարից հարցրեց, թե ինչ սկզբունքներով է առաջնորդվելու նախարարը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթի ժամանակ:
Ի պատասխան, Հասմիկ Պողոսյանը հիշեցրեց, որ ոչ թե ինքն է առաջնորդվելու, այլ մրցութային հանձնաժողովն է առաջնորդվելու և որ հաղթողի հարցում շատ կարևոր է լինելու թեկնածուների ներկայացրած՝ ՕԲԱԱԹ-ի զարգացման հայեցակարգը:
«Ինձ համար մի քիչ անհասկանալի է, որ թեկնածուները, այսօր գիտեք… ո՞վ է, ո՞վ չի, ինչ չափանիշներ պետք է ունենան, գիտե՞ք ինչ կա՝ Կառավարման ոլորտը որոշակի հատկանիշներ պահանջող անհրաժեշտություն է, և այստեղ միայն ինչ-որ մի ոլորտի գիտելիքներ, կարծում եմ, որ բավարար չեն լինելու»,-ասաց մշակույթի նախարարը:
Հիշեցնենք, որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին առաջադրված է 9 թեկնածու, որոնց թվում է նաև աշխարհահռչակ օպերային երգիչ Բարսեղ Թումանյանը:
Ի պատասխան Շուշան Պետրոսյանի հարցի, որ իր տեղեկացմամբ՝ թեկնածուներից միայն մեկն է ներկայացրել հայեցակարգ, Հասմիկ Պողոսյանը հայտարարեց, որ բոլոր 9 էլ ներկայացրել են փակ փաթեթներ, որոնք կնքված ներկայացվել են, և որևէ թերացում չկա:
«Դրա համար, ես կխնդրեի, մանավանդ Օպերայի հարցում, խնդրում ենք մի քիչ զգույշ լինենք, հանգիստ լինենք: Այսօր առաջինը ընտրվում է տնօրեն և ընտրվում է բոլոր փուլերի կանոնները պահպանելով: Չի նշանակվում, որ վաղը չմեկնաբանվի, թե ո՞ւմ նշանակեցին, ի՞նչ սկզբունքով»,-ասաց Հասմիկ Պողոսյանը և պատգամավորին առաջարկեց մոլության մեջ չգցել հասարակությանը:










