Այսօր միջինք է. տանտիկիններն այսօր պահոց բաղարջ են պատրաստում
Մեծ Պահքն այս տարի կիսվում է մարտի 26-ին և կոչվում է միջինք: Այս մասին տեղեկացնում է Qahana.am-ը։
Միջինքին Մեծ պահքը չի ընդհատվում: Այսինքն, պահեցողները շարունակում են պահել պահքը:
Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի` միջինք անունը տրվում է Մեծ պասը կիսող օրվան, որը տոնական նշանակություն չունի: Այդ օրը, ըստ ժողովրդական ավանդության, հայ տանտիկինները թխում են բաղարջ, որի մեջ մետաղադրամ են դնում: Ում բաժին ընկնի այդ դրամը, այդ տարի հաջողություն կունենա:
Պահոց բաղարջի բաղադրատոմս
Միջինքի բաղարջ (Տապլա)` Մեծ Պահքի համար
10 հոգու համար.
1 կգ ալյուր, 100 գր. մեղր, 150 գր. ձեթ, 200 գր. ջուր, 12 գր. սոդա, 20 գր., աղ:
Բարձրորակ ալյուրով, մեղրով, աղով, ձեթով, խմորի սոդայով և գոլ ջրով, առանց երկար հունցելու պատրաստել պինդ խմոր, ծածկել խոնավ շորով և թողնել հանգստանալու 15-20 րոպե: Ապա խմորի որևէ հատվածում կարելի է դնել արծաթյա դրամ կամ փայտե խաչ, գրտնակել 1-1.5սմ հաստության կլոր շերտով, երեսին պատառաքաղով գծեր քաշել, մի քանի տեղից ծակել, մեղր քսել և թխել թոնրում կամ փռում: Մատուցում են ընթրիքին, այն բաժանում են այնքան կտորների, որքան ընտանիքի անդամների թիվն է:










