Կառավարությունից խոստացան, ոչ թե Գյումրու նկարչական դպրոցը վերանորոգել, այլ ծանոթանալ խնդրին
ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ խնդրեց միջոցներ գտնել վերանորոգելու Գյումրու Սերգեյ Մերկուրովի անվան նկարչական դպրոցը։
Պատգամավորը դպրոցն «ունիկալ» անվանեց, քանի որ այնտեղ սովորել են Նկարիչների միության անդամների 50%-ը, Մինաս Ավետիսյանը և այլք։
«Այս դպրոցը մնացել է ուշադրությունից դուրս և, կարծում եմ, տեղական իշխանության հետ տարածքային կառավարման նախարարությունը կարող է միանալ «Շիրակ» հայրենակցական կազմակերպության նախաձեռնությանը և վերականգնել դպրոցը։ Կառավարությունը հնարավորություն կգտնի հարցը քննարկելու, թեկուզ սոցիալական հիմնադրամների հետ»,-ասաց նա։
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը խոստացավ առաջիկայում Գյումրի կատարելիք այցի ժամանակ ծանոթանալ խնդրին ու ասել, թե Կառավարությունը տեղական ինքնակառավարման մարմնի հետ միասին ինչ կարող է անել՝ դպրոցի վերանորոգման համար։
ՀՀԿ պատգամավորը նշեց, թե շնորհակալ է խոստման համար։ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ուղղեց, թե Արմեն Գևորգյանը ոչ թե խոստացավ, որ կվերանորոգեն, այլ որ կծանոթանան խնդրին։ Պատգամավորը շնորհակալ էր նաև այդ խոստման համար։










