Թուրքիան պատմական Տայք նահանգի 300 հուշարձան «նվիրում է» Վրաստանին
Թուրքիան Արևմտյան Հայաստանի պատմական Տայք նահանգի 300 հուշարձան «նվիրում» է Վրաստանին : Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին Հանրային խորհրդի Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հանձնաժողովի պատմական -ազգային արժեքների, հուշարձանների պահպանության ենթահանձնաժողովի անդամները:
Խոսքը Մեծ Հայքի 14 -րդ գավառի 5-ից 11-րդ դարերի հայկական հուշարձանների մասին է, որոնք Թուրքիայի կողմից 2011-ին ճանաչվել են որպես վրացական: Ընդհանուր թվով խոսքը մոտ 2000 պատմական հուշարձանի մասին է:
«Տայքի ճարտարապետությունը ճշգրիտ կրկնում է Արարատյան դաշտի ճարտարապետությունը, վանքերից մեկը Էջմիածնի վանքի հատակագծի ճշգրիտ կրկնությունն է: Կամ Զվարթնոցի տաճարը: Սրանք հզոր հուշարձաններ են, մեծ համալիրներ են» ,- ասաց նույն հանձնաժողովի անդամ Վահան Տեր-Ղազարյանը:
Նշենք, որ խոսքը Իշխան և Օշք գավառների մասին է:
Նույն հանձնաժողովի անդամ Ժասմեն Ասրյանը մանրամասնեց, որ այս եկեղեցիները կամ առաքելադավան են կամ՝ հայ քաղկեդոնական, բյուզանդական ճնշումների արդյունքում քաղկեդոնական են դարձել , բայց սրանք հայ քաղկեդոնական են, ինչը շատ կարևոր նշանակություն ունի: «Հայ քաղկեդոնական եկեղեցում ժամերգությունները, ծիսական արարողակարգերը, բացառապես հայերեն են եղել՝ ո՛չ վրացերեն, ո՛չ հունարեն»- հայտարարեց գիտնականը: Ըստ նրա՝ հայերն են այդ ժառանգության տերը:
Ըստ Վահան Տեր-Ղազարյանի՝ Թուրքիան այս հարցում խորամանկում է՝ փորձելով գիտական վեճերի մեջ ներքաշել հայերին ու վրացիներին, թեպետ նրա մյուս գործընկերոջ դիտարկմամբ՝ վրացիներն էլ այս հարցում պակաս ագրեսիվ չեն իրենց հավակնություններով:
Ըստ վահան Տեր-Ղազարյանի սա վկայում է, որ Թուրքիան մեկ սանտիմետրով իսկ չի նահանջել իր պանթուրքիստական և հայատյաց քաղաքականությունից:
Ըստ հանձնաժողովի նախագահ Ժասմեն Ասրյանի՝ թեև դժվար է լինելու, սակայն շեշտը դնելու են միջազգային կազմակերպությունների կոնվենցիաների վրա, հատկապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիաների։ Եթե նկատի ունենանք, որ կա 2011թ.ԱՄն Կոնգրեսի ներկայացուցիչներ պալատի 306 բանաձև, որով Թուրքիայի կառավարությանը պահանջ է ներկայացվում դադարեցնել կրոնական հողի վրա իրականացվող հետապնդումները, բոլոր քրիստոնյաներին իրավունք տալ ազատորեն այցելել սեփական սրբավայրեր, այնտեղ եկեղեցական ծիսակատարություններ մատուցել, վերադարձնել քրիստոնեական վանքերը , ինչպես նաև թույլատրել քրիստոնեական եկեղեցիների իսկական տերերին ՝ առանց որևէ խոչընդոտի կամ սահմանափակման իրենց ցանկությամբ պահպանել կամ վերականգնել դրանք:










