Մրցանակները չեն կարևոր, հանդիսատեսն է տալիս իր գնահատականը. Արվեստագետները՝ թատրոնի մասին

13:50 • 27.03.14

Վերջին 15 տարում մեր երկրում ամենատուժածը թատրոնի բնագավառն է, իսկ ամենաքիչ մրցանակները թատրոնի բնագավառի աշխատակիցներն են ստանում։ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վաստակավոր արտիստ, Գ. Սունդուկյանի անվան ազգային-ակադեմիական թատրոնի դերասան Ռազմիկ Խոսրոևը։


Նույն ասուլիսի մասնակից, Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, սակայն, չհամաձայնեց Ռազմիկ Խոսրոևի հետ, ասելով, թե պետք չէ այդքան մեծ ուշադրություն դարձնել տրվող մրցանակներին, քանի որ, ըստ նրա՝ ամենամեծ գնահատականը տալիս է հանդիսատեսը, իսկ հանդիսատեսը մշտապես է տալիս իր բարձր գնահատականը։


«Ավելի մեծ գնահատական լինել չի կարող, քան այն, որ «Ջոն արքա» ներկայացումը Լոնդոնում դիտում են անգլիացիները և զարմանում, որ մենք կարողացել ենք այդպես հրաշալի Շեքսպիր բեմադրել»,– ասաց Ռուբեն Բաբայանը։


Նրա խոսքով՝ թատրոնի խնդիրները կարելի է բաժանել մի քանի մասի։ Ժամանակակից թատրոնը պահանջում է մասնագետներ, փոխվել են նաև դեպի ժամանակակից դերասանին ներկայացվող պահանջները։ Ժամանակակից դերասանը պետք է կարողանա անել ամեն ինչ։


Կազմակերպչական խնդիրներ, ըստ Ռուբեն Բաբայանի, ևս կան։ «Ղեկավարման տեսակետից մենք դոփում ենք տեղում, ժամանակը փոխվել է, սակայն մենք մնացել ենք սովետական ժամանակաշրջանում՝ իր հաստիքացուցակներով»,– նշեց Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարը։


Դերասան Ռազմիկ Խոսրոևն ասաց, թե այն, ինչ այսօր կա Սունդուկյանի անվան թատրոնում, բավարարում է բոլոր պահանջները։ Նրա խոսքով՝ ազգային-ակադեմիական թատրոնը ոչ միայն իր ռեժիսորական ռեսուրսներն է օգտագործում, այլ նաև դրսից է ռեժիսորներ և դերասաններ հրավիրում։


«Գուցե, քիչ ենք խաղում, բայց խաղում ենք լիարժեք։ Եթե սովետական տարիներին խաղում էինք 30 ներկայացում, հիմա խաղում ենք 15 ներկայացում, բայց թատրոնն աշխատում է իր ամբողջ «էությամբ»»,- ասաց դերասանը՝ ավելացնելով, որ տարեվերջին Հայոց ցեղասպանության 100 ամյակի կապակցությամբ բեմադրվելու է «Ռանչպարների կանչը» ներկայացումը:


Անդրադառնալով թատերական ինստիտուտի խնդիրներին, Ռուբեն Բաբայանն ասաց, թե մեր թատերական կրթությունը պետք է դառնա ճանաչելի և ընդունելի շատերի կողմից։


«Պետք է կադրեր պատրաստել։ Լինել լավ դերասան կամ ռեժիսոր, դեռ չի նշանակում լինել լավ մանկավարժ։ Ով էլ որ գա և դառնա թատերական ինստիտուտի ղեկավար, պետք է իր առջև դնի հեռանկարային խնդիրը։ Եթե գա երիտասարդ մարդ և ստանա համապատասխան լիազորություններ ու ունենա այդ հեռանկարի հնարավորությունը, ապա այն առողջ ուժերը, որ կան ինստիտուտում, կհամախմբվեն և աջակցեն նրան»,-ասաց Ռուբեն Բաբայանը։


«Հայաստանում երկու բան կա, որ չի համապատասխանում միջազգային գներին, մեկը կենսաթոշակներն են, մյուսը՝ թատրոնի տոմսերի գները»,– ավելացրեց նա։