Թյուր տպավորություն է, թե հայ թատրոնը մեռել է, շատերը նույնիսկ ռեքվիեմ են պատվիրել. թատերագետը հայ թատրոնի մասին
Թյուր տպավորություն է ստեղծվել, թե հայ թատրոն չկա, մեռել է, շատերը նույնիսկ ռեքվիեմ են պատվիրել, բաց այդպես չէ, հայ թատրոնը կա և ապրում է. այսօր՝ Թատրոնի միջազգային օրվա առթիվ լրագրողների հետ հանդիպմանն ասաց թատերագետ Լևոն Մութաֆյանը՝ միաժամանակ ընդունելով, թե թատրոնում հիմնական խնդիրը շարունակում է մնալ ֆինանսականը։
«Հարցերի հարցը ֆինանսներն են. ֆինանսներ, ֆինանսներ... պետության կողմից կա արհամարհական , քամահրական վերաբերմունք թատրոնի գործչի նկատմամբ»,- ասաց նա և նշեց, թե թատերական գործիչը ստանում է 40-ից 50 հազար դրամ, այն դեպքում, երբ Կենտրոնական բանկի հավաքարարի աշխատավարձը 200 000 դրամ է։
«Բազմիցս բարձրացրել ենք այս հարցը։ Թատերական գործիչների թիվը 1 300 է ընդամենը, այսինքն, եթե ամեն մեկի համար 30 հազար դրամ ավելի հատկացվի, դա ավելի քիչ գումար կկազմի, քան որ Գյուղնախարարությունը խորհրդատվություն է տալիս, թե ինչպես բեղմնավորել կովին, կամ մեկ լիտր կաթ ավելի ստանալ, և սրանք զուտ խոսքեր չեն»,- ասաց նա։
Լևոն Մութաֆյանը խոսեց նաև դրականից, թե հայ թատրոնը, ի վերջո, դուրս է եկել մեկուսացումից՝ միջազգային փառատոներին ինտեգրվելով. «Արմենո», «Հայֆեստ», «Շեքսպիր», «Դուետ» և այլն։
«Այսինքն՝ մենք փորձում ենք համաքայլ լինել համաշխարհային թատերական ընթացքին։ Մենք իսկապես հաղթահարեցինք մեկուսացումը, ինչը կար 90-ականներին։ Արդեն վերջին տասը տարում ինտեգրվեցինք միջազգային թատերական գործընթացներին»,- ասաց թատերագետը և նշեց, թե առհասարակ թատրոնն ամբողջ աշխարհում է ճգնաժամի մեջ և ամենուր են նոր ձևեր փնտրում։
Հայ թատրոնում, ըստ Մութաֆյանի, նաև դրական միտում կա թատերական խմբերի երիտասարդացման ուղղությամբ։ «Գորիսի թատրոնում երիտասարդ բեմադրիչ է, Գյումրիում նույնպես երիտասարդ է, և այս միտումը կա երիտասարդացնելու։ Սունդուկյանում մեծ թվով երիտասարդներ կան, բայց ցավալի է , որ թատրոններում պակասում են ավագները, չունենք ավագներ և առաջանում է դիսբալանս՝ երիտասարդներ կան, միջին սերունդ կա, իսկ ավագ չկա, որը կարևորագույն պայմաններից էր, և բացի այդ, դերասանական տաղանդի անկում կա»,-ասաց նա և նկատեց, թե այստեղ խմորումները շատ են, ինչն էլ գալիս է թատերական ինստիտուտից։
«Այն ամբողջապես չի իրականացնում ուսումնական գործընթացները։ Եթե կուրսում առաջ ամենաշատը 10-15 հոգի էին, ապա այսօր շուկայական պայմանները ստիպում են ընդունել բոլոր նրանց, ովքեր քիչ թե շատ տանելի են և վճարունակ»,- նշեց նա։
Լևոն Մութաֆյանի համար գլխավոր անհանգստությունը «Թատրոնի մասին» օրենքի բացակայությունն է։ «Թատրոնը շատ կաշկանդված է, որովհետև ղեկավարում է տնօրենը և ոչ թե գեղարվեստական ղեկավարը։ Տնօրենն է նշանակում գեղարվեստական ղեկավար՝ շատ անգամ չունենալով թատերական կրթություն։ ԱԺ-ում ֆուտբոլի գնդակ է դարձել թատրոնի մասին օրենքը, հավանաբար մտածում են, որ նման օրենք պետք չէ»,- նշեց նա։
Պակաս անհանգստություն չէ թատերագետի համար հայ թատրոնում «ազգային դեմքի բացակայությունը»։ «Մեր դերասաններից շատերը քամահրական վերաբերմունք ունեն հայ դրամատուրգիայի նկատմամբ՝ լինի դասական, թե ժամանակից։ Եթե դասական ինչ-որ չափով կա, ժամանակից թատերագրությունն ընդհանրապես թատրոն չի գալիս։ Չեն կարդում, տեղյակ չեն ինչ նոր դրամատուրգիա կա»,- նշեց նա, միաժամանակ ընդգծելով, թե սրանում միայն թատրոնները չեն, որ մեղավոր են. «Այսօր ժամանակի խնդիր կա, հերոսի խնդիր կա»։
Ըստ նրա, ժամանակակից համաշխարհային դրամատուրգիան թատրոն դեռ չի մտել. «Մենք փոխանակ առաջ գնաք, հետ ենք գնում»։
Իսկ իր խոսքերի մեջ Մութաֆյանը խնդրում է հակասություն չտեսնել, քանի որ, ըստ նրա, ազգային խաղացանկն ու ինտեգրումը տարբեր բաներ են։










