Բարսեղ Թումանյանը ՕԲԱԱԹ-ի տնօրենի հավակնորդներին համարում է ո´չ թե մրցակից, այլ ՝ փոխլրացնող

21:18 • 28.03.14

Անվանի երգիչ և օպերային բաս Բարսեղ Թումանյանը ո´չ թե մրցակից, այլ` որպես փոխլրացնող անձ է ընդունում ոչ պակաս անվանի երգիչ և տենոր Գեղամ Գրիգորյանին և ապրիլի 4 –ի ՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի (ՕԲԱԱԹ) տնօրենի մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած մյուս անձանց:

Այս մասին Tert.am-ին ասաց Բարսեղ Թումանյանը՝ ի պատասխան հարցի, թե Գեղամ Գրիգորյանին համարու՞մ է իրեն արժանի մրցակից:



«Ես մրցակցություն չեմ տեսնում ընդհանրապես, քանի որ իմ տեսակետը համակարգային է(թատրոնի առողջացման հայեցակարգ), ես մեկը մյուսին լրացնող եմ տեսնում: Ես մրցակից չեմ կարող համարել իմ կոլեգային, քանի որ մեկս մյուսին լրացնում ենք և՛ բեմի վրա, և ՛ կյանքում: Ինչ վերաբերում է տնօրենի ընտրությանը, ապա նույնպես մրցակից չեմ տեսնում, քանի որ մեծամասնությունն իմ շատ լավ ընկերներն են և շատ հնարավոր է՝ կարողանան համակարգի մեջ ո´չ միայն տնօրենի դերակատարություն ունենալ, այլը` տնօրենի տեղակալի… չգիտեմ»:



Հիշեցնենք, որ լրատվամիջոցներով հաղորդվեց, որ թատրոնի ապագայով մտահոգ արվեստագետների տարբեր խմբեր ստորագրահավաքներ են կազմակերպել, մեկը` Բարսեղ Թումանյանի նշանակման օգտին, մյուսը՝ Գեղամ Գրիգորյանի, և քանի որ մշակույթի նախարարությունը գաղտնի է պահում մրցույթի հավակնորդների անունները, հայտնի է միայն նրանց անունը, ովքեր իրենց հավակնությունների մասին հայտարարել են մամուլով:



Նշենք, որ Գեղամ Գրիգորյանը տարիներ առաջ ղեկավարել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնը, և ըստ Tert.am-ի տեղեկությունների, նեղ շրջապատում վերջերս հայտարարել է, որ չի ցանկանում վերադառնալ նախկին պաշտոնին, քանի որ ինչպես ինքն է արտահայտվել ՝«հազիվ է պրծել թատրոնից»:

Ի պատասխան հարցի, թե իրեն հայտնի ՞ է այն մասին, որ Գեղամ Գրիգորյանը չի ուզում ընտրվել այդ պաշտոնում, Բարսեղ Թումանյանը նշեց, որ տեղյակ չէ, չի զրուցել նրա հետ այդ մասին, բայցև՝ կարծիք հայտնեց` դժվար թե, այլապես ինչի՞ համար է նրա օգտին ստորագրահավաքը:

 


«Ես այս ամենից մի բան եմ եզրակացնում`  թատրոնը պետք է գեղարվեստական ղեկավար ունենա (այս հաստիքը հանված է), քանի որ մշակութային կառույց է: Եվ գեղարվեստական ղեկավարն անպայման պետք է ավելի վեր կանգնած լինի, քան տնօրենը»:

Կոնկրետ Գեղամ Գրիգորյանի առումով Բարսեղ Թումանյանն ասաց, որ «այն անձը, որն անձամբ իր վրա կրել է օպերային արվեստը, շատ ավելի լավ է զգում և հասկանում»:


Լուսանկարը՝  ankakh.com-ի