Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը կներկայացնի առաջին ինքնակենսագրական գիրքը

10:31 • 28.03.14

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը կներկայացնի իր առաջին ինքնակենսագրական գիրքը, որը կոչվում է «Իմ կյանքը. Օրինոկոյից մինչև նախագահական պալատ», հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:

 

Գրքի համահեղինակ է տեղեկատվության նախկին նախարար և լրագրող Իվան Կանելասը: Իր գրքում քաղաքական գործիչը պատմում է այն ճանապարհի մասին, որը նա անցել է լամաների հովվից մինչև պետության ղեկավար:

 

«Սովը նրան ստիպեց լքել հայրենի հողը: Չապարեում նա տուն գտավ և կյանքի գործ: Լա Պասում նա օգտվում է իր իշխանությունից»,- ասված է ինքնակենսագրականի անոտացիայում:

 

Էվո Մորալեսը ծնվել է 1959 թվականին Օրինոկոյում, որտեղ այդ ժամանակ չկար ոչ էլեկտրականություն, ոչ ջրի խողովակաշար, ոչ բժշկական կենտրոն: Նրա մայրն անգրագետ է եղել, իսկ հայրը հազիվ է կարողացել կարդալ և գրել: Նրանց աղքատ ընտանիքում յոթ երեխա է եղել, որոնցից չորսը մահացել է վաղ հասակում: Երիտասարդ Էվոն հաճախ է ստիպված եղել օգնել հորը լամաների և ոչխարների համար հովվություն անելով: