Վարդուհի Վարդերեսյանը և Ջոն Հեֆերնն աշակերտների համար ընթերցել են «Կլարա Բարտոն. նաև մեր հրեշտակը» գիրքը
Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում այսօր տեղի է ունեցել «Կլարա Բարտոն. նաև մեր հրեշտակը» գրքի շնորհանդեսը, որին մասնակցել է ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատնից։
Դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանն ու դեսպան Հեֆերնը ընթերցել են գիրքը 40 երևանցի աշակերտների համար: Նշվում է, որ այս ընթերցումը եզրափակում է ԱՄՆ դեսպանատան կողմից անցկացվող Կանանց պատմությանը նվիրված մեկամսյա միջոցառումների շարքը, որոնց նպատակն էր նշանավորել կանանց մեծ ներդրումը աշխարհի տարբեր մասերում:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Կլարա Բարտոնը իմաստուն առաջնորդ էր և հերոս, ով իր համառ աշխատանքի շնորհիվ արժանացել է միջազգային ճանաչման: Բացի ուսուցիչ և ամերիկյան քաղաքացիական պատերազմի տարիներին բուժքույր աշխատելուց, Բարտոնը 1881-ին հիմնադրել է Ամերիկյան Կարմիր խաչը: 19-րդ դարի վերջին այս հրաշալի կնոջ ջանքերի շնորհիվ փրկվել են ավելի քան 50 000 հայերի կյանքեր:
Գրքի հիմքում Կլարա Բարտոնի կենսագրականն է: ԱՄՆ դեսպանատունը գիրքը անվճար կտրամադրի գրադարաններին և դպրոցներին:










