Ռենուարի կտավը 63 տարի անց «վերադարձել» է Բալտիմորի թանգարան
Օգյուստ Ռենուարի գողացված կտավը 63 տարի անց «վերադարձել» է Բալտիմորի (Մերիլենդ նահանգ) գեղեցիկ արվեստների թանգարան։ Տարօրինակ անհետացման և հրաշքով վերադարձի պատմությունը հետաքրքրել է լրագրողներին և արվեստագետներին ամբողջ աշխարհում, գրում է Вести-ն։
«Բնապատկեր Սենայի ափին» կտավը գողացվել էր 1951-ին բավականին խորհրդավոր հանգամանքներում։ Երկար տարիներ անց Վիրջինիայի բնակչուհի Մարտա Ֆուկուն իբր գնել է կտավը հնամաշ իրերի շուկայում 7 դոլարով։ Կինը վստահեցրել է, որ այդ ժամանակ չի իմացել, թե ինչպիսի թանկարժեք իրի մասին է խոսքը։
2013-ին կտավի վրա արգելք է դրվել։ Կինը փորձել է դատարանի միջոցով ապացուցել իր իրավունքները և վերադարձնել առգրավված կտավը։ Սակայն 2014թ. հունվարին Վիրջինիա նահանգի շրջանային դատարանը կայացրել է իր որոշումը, համաձայն որի սեփականության իրավունքը չի կարող փոխանցվել որևէ մեկին, եթե այդ սեփականությունը համարվում է գողացված։ Իսկ Բալտիմորի թանգարանը ներկայացրել է փաստացի վկայություններ, որ կտավն իսկապես գողացվել է։
Թանգարանի տնօրեն Դորին Բոլգերը խոստացել է կտավը տեղադրել նոր ցուցադրության կենտրոնում։ Այցելուները կկարողանան այն կրկին տեսնել մոտ ժամանակում։










