Խորեն Աբրահամյանը կայացած ոսկու կտոր էր. այսօր Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է

22:25 • 01.04.14

Ապրիլի 1-ը ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է:


Ռեժիսոր և սցենարիստ Ալբերտ Մկրտչյանը Tert.am-ի հետ զրույցում նախ՝ շնորհավորեց մեծ դերասանի և լավ մարդու ծննդյան օրը,՝ շեշտելով, որ նա իր էությամբ մեծ հետք է թողել երիտասարդ ստեղծագործողների վրա:

 

«Խորեն Աբրահամյանն ապշելու անձնավորություն էր: Երեքով՝ Խորեն Աբրահամյանը, Սոս Սարգսյանը և Ֆրունզիկ Մկրտչյանը, շատ մոտ ընկերներ էին թե՛ արվեստում, թե՛ կյանքում: Ափսոսում եմ, որ այսօր երեքն էլ չկան, որովհետև այդ երեքը փոխարինում էին Վահրամ Փափազյանին, Հրաչյա Ներսիսյանին, Ավետ Ավետիսյանին, Արմեն Գուլակյանին և շատ ու շատ ուրիշների»,-ասաց Ալբերտ Մկրտչյանը՝ ափսոսանք հայտնելով, որ այսօրվա դերասանների՝ և՛ ավագ, և՛ միջին, և՛ երիտասարդ սերնդի մեջ չկան այնպիսիք, ովքեր պիտի դառնային Խորեն Աբրահամյան, Սոս Սարգսյան և Ֆրունզիկ Մկրտչյան:

 

Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դերասան Արմեն Մարությանն էլ ասաց, որ Խորեն Աբրահամյանի պես ազնիվ մարդ ինքը դեռ չի տեսել, քանի որ նա «շշմելու աստիճանի մաքուր մարդ էր արվեստում»: «Ես այդպիսի արվեստագետի քիչ եմ հանդիպել: Կարող եմ ինձ նրա աշակերտներից մեկը համարել»,-ասաց Արմեն Մարությանը:

 

«Շատերն ասում են՝ Փափազյան, Հրաչյա Ներսիսյան, Վաղարշյան, բայց ես տեսել եմ Խորեն Աբրահամյան, որ էլի նույն հզորությունն ունի: Նա իր գործի մեծագույն վարպետն էր, և ես նրա մասին կարող եմ ժամերով խոսել»,-նշեց Արմեն Մարությանը:


Վերջինիս խոսքով՝ բոլոր նրանք, ովքեր աշխատել են Խորեն Աբրահամյանի հետ, և նրանք, ում հետ ինքն էր ուզում աշխատել, բախտավոր մարդիկ են, որովհետև նա ոչ բոլորի հետ էր ուզում աշխատել:

 

«Խորեն Աբրահամյան, Մետաքսյա Սիմոնյան, Մհեր Մկրտչյան. այս երեքի մասին ահա, թե ինչ կասեմ. ոսկու հանքը որ փորում են, հող են հանում, հետո այդ հողը լվանում են, միջից դուրս է գալիս ոսկին: Մեկ էլ հանկարծ՝ այդ հողի միջից մեծ կտորներ են դուրս գալիս, որոնց ասում են՝ самородок, իրենք հենց այդ էին: Նրանք արվեստում այդպիսի կայացած ոսկու կտորներ էին»,-եզրափակեց Արմեն Մարությանը: