Իսպանացի պատմաբանները վստահեցնում են, որ հայտնաբերել են Սուրբ Գավաթը (լուսանկարներ)
Եթե իսպանացի պատմաբաններ Մարգարիտա Տորեսը և Խոսե Օրտեգան իրավացի են, և նրանց իսկապես հաջողվել է գտնել Սուրբ Գավաթը, ապա նրանք կատարել են դարի մեծագույն բացահայտումը։ Միջին դարերում Սուրբ Գավաթ էին անվանում այն գավաթը, որից Հիսուս Քրիստոսն ըմպել է Խորհրդավոր ընթրիքի ժամանակ և որում հետագայում խաչելությունից հետո լցրել են նրա վերքերի արյունը։ Համարվում է, որ այն մոգական ուժ ունի, գրում է «Комсомольская правда»-ն։
Տորեսը և Օրտեգան վստահեցնում են, որ իրենց 3-ամյա փնտրտուքներն ապացուցում են Սուրբ Գավաթի իսկությունը։ Նրանց կարծիքով՝ գավաթը պատրաստվել է օնիքսից և ժամանակին պատկանել է 11-րդ դարում ապրած Կաստիլիայի թագուհի Ուրակկային։ Այժմ գավաթը գտնվում է Իսպանիայի հյուսիսային Լեոն շրջանում՝ Սան Իսիդորո տաճարի թանգարանում։
Իրենց 3-ամյա որոնումները գիտնականները նկարագրել են գրքում, նրանց տեսությունը հիմնված է հնագույն եգիպտական ձեռագրերի վրա։
Գավաթը զարդարված է թանկարժեք քարերով՝ մարգարիտ, զմրուխտ, ադամանդներ և շափյուղաներ։ Համաձայն արաբերենով գրված երկու միջնադարյան փաստաթղթի՝ գավաթը Երուսաղեմում գողացել են մուսուլմանները և նվիրել Եգիպտոսում քրիստոնյաներին։ Շատ դարեր անց՝ մոտ 1050-ականներին, արաբները գավաթը նվիրել են Կաստիլիայի թագավոր Ֆեռնանդո 1-ին՝ սովի տարիներին իրենց օգնելու համար։
















