Նարեկ Հախնազարյանն ԱՄՆ-ում բարեգործական համերգ կտա՝ քեսաբահայերի համար
Անվանի թավջութակահար Նարեկ Հախնազարյանն ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում հանդես կգա բարեգործական համերգով, որի հասույթը կտրամադրվի քեսաբահայերի կարիքներին:
Համերգը տեղի կունենա ապրիլի 5-ին ԱՄՆ-ում ՀՀ-ի դեսպանության աջակցությամբ: Համերգի տոմսերն արժեն 50 ԱՄՆ դոլար: Ծրագրում ներառված է Կոմիտաս, Խուդոյան, Խաչատուրյան, Չայկովսկի:
26-ամյա Հախնազարյանը մի շարք հեղինակավոր մրցույթների դափնեկիր է, Չայկովսկու անվան մրցույթի առաջին մրցանակակիր:
Համերգի պաստառից տեղեկանում ենք, որ Հախնազարյանին կնվագակցի դաշնակահար, իսկ համերգին կհաջորդի ընդունելություն:
Սիրիայի Քեսաբ հայաբնակ ավանի բնակիչները Թուրքիայի սահմանից ջիհադիստների հարձակմանն էին ենթարկվել մարտի 21-ին, ինչի հետևանքով ավելի քան 600 հայ ընտանիք ստիպված է եղել լքել բնակավայրը։










