Պտղոմեոսի աշխարհի քարտեզը աճուրդում վաճառվել է 317.000 դոլարով
Աշխարհի քարտեզը, որը կազմել է անտիկ գիտնական Պտղոմեոս Կլավդիոսը 2-րդ դարում և որը տպագրվել է Գերմանիայում 15-րդ դարում, Նյու Յորքի Christie's աճուրդի տանը վաճառվել է 317.000 դոլարով, այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Քարտեզը տպվել է գերմանական Ուլմ քաղաքում 1482թ.։ Այն Պտղոմեոսի առաջին քարտեզն է, որը տպվել է Իտալիայի սահմաններից դուրս։ Մինչ աշխարհագրական բացահայտումների ժամանակաշրջանը նրա քարտեզները եվրոպացիների համար եղել են տեղեկությունների հիմնական աղբյուր։
Աճուրդի տան ներկայացուցիչների խոսքով, ձեռքով գունազարդված քարտեզը հիանալի պահպանվել է։ Այն վաճառքի է դրել հայտնի հավաքորդ Քենեթ Նեբենզելը Չիկագոյից։ Գնորդի անունը չի նշվում։
Ընդհանուր առմամբ, աճուրդում այդ օրը վաճառվել է ավելի քան 180 բացառիկ քարտեզ, պատմական փաստաթուղթ և այլ իրեր։ Աճուրդի եկամուտը կազմել է 775.000 դոլար։










