Մաքսանենգներից առգրավված հնագույն իրերը Գերմանիայից կվերադառնան Եգիպտոս

11:24 • 03.04.14

Անգին նմուշները, որոնք գողացվել էին փարավոնների դարաշրջանի հնագույն դամբարանից և հայտնաբերվել 5 տարի առաջ գերմանա-շվեյցարական սահմանին մաքսանենգների մոտ, պետք է վերադարձվեն Եգիպտոս։ Այսպիսին է Ֆրայբուրգի դատարանի որոշումը, հայտնում է Deutsche Welle-ն։

 

Այն, ինչ տեսել են գերմանացի մաքսայինները 2009թ. փետրվարի 13-ին Շվեյցարիայից Գերմանիա եկած ավտոմեքենայի զննման ժամանակ, ապշեցրել էր նրանց։ Հայտնաբերված հնագույն նմուշների թվում եղել են մ.թ.ա. մոտ 2400թ. մանրանկարչական կոթող, մ.թ.ա. մոտ 700թ. ընտանեկան արձան, մ.թ.ա. 1250 թ. վանական արձան։

 

Մաքսանենգների երթուղին եղել է Եգիպտոսի Լյուքսոր քաղաքից իտալական Սպեցիայի նավահանգստի և Գերմանիայի միջով դեպի Բելգիա։ Թանկարժեք բեռը Գերմանիա հասցրած առաքիչը եղել է Նիդեռլանդների քաղաքացի։ Նրան տուգանել են 35.000 եվրոյով՝ հարկերից խուսափելու համար։ Հանցագործության մյուս մասնակիցների հանդեպ հետաքննությունը շարունակվում է։