Հայաստանում դասական բալետային արվեստ պե՞տք է ունենանք, թե՞ ոչ, սա՛ է իմ ասածը. Ռուդոլֆ Խառատյան

14:41 • 03.04.14

Մինչ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնը թափուր է, թատրոնում մի շարք խմորումներ են տեղի ունենում: Թատրոնի բալետի պարողները ՀՀ ժողովրդական արտիստ, գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանի դեմ ստորագրահավաք են սկսել: Tert.am-ը զրուցեց Ռուդոլֆ Խառատյանի հետ՝ տեղեկանալու թատրոնում տիրող իրավիճակի մասին:


-Պարո՛ն Խառատյան, ասում են, որ մի քանի օր է՝ Դուք չեք ներկայանում աշխատանքի: Ի՞նչն է պատճառը կամ ինչի՞ն եք սպասում:


-Ես երկու օր պետք է սպասեմ, որովհետև պետք է նոր տնօրեն ունենանք, ու այդ երկու օրից հետո անունները կտամ, կասեմ, թե ով ինչ էր անում, ոնց էր անում: Բայց ինձ համար այսօր դա չի կարևորը, այսօր ինձ համար կարևոր է՝ Հայաստանում մենք դասական բալետային արվեստ պե՞տք է ունենանք, թե՞ չէ: Ինչպես տեսաք, ռուսներն ամբողջ օլիմպիական խաղերը բալետով ներկայացրեցին՝ ցույց տալով, որ իրենք հզոր պետություն են. ոչ մի ֆոլկլոր, ոչ մի բալալայկա չկար: Իսկ հայերն այդ ներուժն ունեն, և դա չօգտագործելն ուղղակի հանցագործություն է: Պարզապես մարդկանց պետք է հստակ ասել՝ աշխատանք և «դիսցիպլինա»: Սա է, որ մեզ մոտ չկա: Իմ ասածն այն է, թե մենք ո՞ւր ենք գնում, մենք ուղղվածություն չունենք ու նպատակ չունենք: Մարդիկ կան, որ այդ առիթից օգտվում են… գիտեք, դժգոհություն միշտ էլ կա՝ ցածր աշխատավարձ և այլն: Գիտեք, որ բալետը ֆիզիկական աշխատանք է, այդ աշխատանքը չուզելը… շատ դժվար է: Այսինքն, առիթներ կան, որ իրենք ջղայնանան, և մարդիկ կան, որ այդ ջղայնությունն անում են ո՛չ կառուցողական, ո՛չ էլ նպատակային, այլ՝ իրենց ամբիցիաների նպատակով:


-Կա՞ մեկը, որ հավակնում է գլխավոր բալետմեյստերի պաշտոնին, դրա համար էլ կազմակերպած լինի ստորագրահավաքը:


-Մարդ չկա: Որ ասեմ՝ մարդ կա, ապա անցած քսան տարիների մեջ թող հանեին: Ինձ այնտեղից (Վաշինգտոնից) բերեցին, ես այնտեղ արդեն հաջողություններ ունեի, նորարարություններ մտցրել էի, ոսկե մեդալներ էինք ստանում, ու այդ ամեն ինչը թողեցի՝ հասկանալով, որ Հայաստանն իմ կարիքն ունի, և Հայաստանն ունի այդ պոտենցիալը, որ զարգանա, որովհետև բալետը ո՛չ թարգմանության, ո՛չ էլ այլ բանի կարիք չունի: Ինձ շատ էր հուզում, որ մենք մինչև այսօր չենք կարողանում դրսևորվել, մենք չենք կարողանում կայանալ մեր հողի վրա, ու դա էլ ստիպեց ինձ, որ գամ: Չորս տարվա մեջ բավական պրոգրես ունենք, բայց՝ մենք մեր համեմատ: Միջազգային ստանդարտներին դեռ չենք հասել: Ու ես շատ խիստ եմ, որովհետև մենք ժամանակ են կորցնելու, իսկ ժամանակը շատ սուղ է. տեսեք, թե դրսում ինչ արագությամբ է զարգանում արվեստը: Իսկ մեզ թվում է, թե արվեստի սահմաններն անտեսանելի են, բայց դրանք շատ հստակ «տերիտորիաներ» են, որ նույնիսկ մեր հարևաններն արագ ուզում են գրավել, իսկ մենք…


-Այսինքն, կարելի՞ է նաև ասել, թե Ձեր խիստ լինելն է պատճառը, որ ոմանք դժգոհ են, ու դա էլ Ձեր դեմ ստորագրահավաքի առիթ հանդիսացել:


-Իհարկե՛, խիստ լինելը միշտ էլ պատճառ է, որովհետև մարդիկ իրենց բնույթով ծույլ են, չեն ուզում աշխատել: Իհարկե՛, եթե թողնում ես, իրենք չեն աշխատում, բայց եթե ստիպում ես… Գիտեք ինչի մասին եմ խոսում. եթե մարզիկը տասը, տասնհինգ, երբեմն նույնիսկ քսան օր աշխատանքի չգա, չմարզվի, նա չի կարողանա ցատկել, իր քաշը բարձրացնել: Սա մրցում է, որ մենք պետք է կարողանանք այստեղ մենք մեզ հաղթենք, որպեսզի կարողանանք մեր արժեքները վեր դասենք և համաշխարհային շուկայում ցույց տանք, թե ինչով ենք մենք հարուստ, ինչով կարող ենք ներկայանալ աշխարհին:


-Ասում են նաև, թե բալետ պարողների որակավորում եք անցկացրել, դա էլ իր հերթին է առաջացրել պարողների զայրույթը:


-Չորսուկես տարի է, որ Օպերային թատրոնի գլխավոր բալետմայստերն եմ, և շատ սուղ միջոցներով բավական ներկայացումներ ենք բեմադրել: Այս վերջերս, որակավորում անցկացրեցի, երևի դա էլ իրենց ջղայնացրեց: Ես ունեի բալետ պարողի շատ ցածր աշխատավարձ, որով հանձնարարում էի գլխավոր դերեր: Եվ, այդպես մի խումբ կար, որոնց արդեն «աճեցնում» էի, և նրանք մի երեք-չորս տարի հետո կլինեին մեր աստղերը և կկարողանային Հայաստանը ներկայացնել դրսում: Դա դժգոհություններ էր առաջացնում այն հին կազմի մեջ: Դրա համար էլ ջղայնանում էին ու նաև չէին ուզում աշխատել: