Ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոխվում, բացի ռուսական շովինիզմից. Կիկաբիձե

13:33 • 03.04.14

Այժմ առավել, քան երբևէ, վրացի դերասան Վախթանգ Կիկաբիձեն վստահ է, որ ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոխվում, բացի ռուսական շովինիզմից։ Այդ մասին նա ասել է «Высокий замок» ուկրաինական պարբերականի հետ զրույցում։

 

Երբ 2008-ի օգոստոսին ռուսները զորք մտցրին Վրաստան և արյուն հոսեց, Վրաստանը պաշտպանում էին նաև ուկրաինացիները, որոնցից 7-ը զոհվեցին։ Երբ 2013թ. վերջին եվրոպական արժեքների համար, կաշառակերության և բռնապետության դեմ պայքարի դուրս եկան միլիոնավոր ուկրաինացիներ, Կիևում գործում էր նաև վրացական հարյուրյակը։ Ակտիվիստներից մեկը՝ Դավիթ Կիպիանին զոհվեց, գրում է Обозреватель-ը։ 

 

Կիկաբիձեն հետևել է Ուկրաինայի իրադարձություններին առաջին իսկ օրվանից։ «24 ժամ մտքերով Կիևում էի։ Երբ սկսեցին սպանել մարդկանց, չէի կարողանում հանգստանալ։ Ցանկանում էի ամեն ինչ թողնել և լինել Գրուշևսկու փողոցում։ Ցավոք, տարիքն իրենն ասում է։ Եթե 20 տարի ջնջեի, կլինեի Մայդանում։ Ես ձեռքերով և ոտքերով կողմ եմ եվրոպական արժեքներին, դեմ եմ ստին, կաշառակերությանը, բռնապետությանը։ Կողմ եմ ազատ, հարուստ և եվրոպական ժողովուրդներին հավասար Ուկրաինային»,- ասել է Կիկաբիձեն։

 

Ուկրաինայի իրադարձություններն ապացուցել են աշխարհին, որ միջուկային զենքից հրաժարվելը, հատկապես, երբ քո հարևանը շովինիստ է, միշտ էլ մեծ ռիսկ է։

 

Կիկաբիձեն նշել է, որ այնպիսի մեծ երկիրը, ինչպիսին Ուկրաինան է, պետք է ունենա իր սեփական միջուկային զենքը։ «Ո՞վ գիտի, թե որքան կգահակալի Պուտինը Կրեմլում, ով բոլորին վախեցնում է և ում երբեք պետք չէ հավատալ։ Դաժան աշխարհում և անաստվածների հետ իշխանություններում բարի մնալը բարդ է։ Պարզապես անհնար է»,- ասել է նա։

 

Ռուս մտավորականների, այդ թվում՝ դերասանների՝ Պուտինին աջակցող նամակի վերաբերյալ վրացի դերասանն ասել է, որ բոլորը տարբեր են։ Պետք չէ նեղանալ նրանցից։ Նրանք, որոնք քաջություն, խելք և համարձակություն ունեցան, չհամաձայնեցին Կրեմլի դիրքորոշման հետ՝ իմանալով հանդերձ, որ համակարգը դա իրենց չի ների։ Արվեստի ներկայացուցիչներն իրավունք չունեն պատերազմի կոչ անելու։ Միայն խաղաղության, բարության, սիրո, հանգստության և փոխըմբռնման։

«Երբ Ռուսաստանը զորք մտցրեց Վրաստան, ես հրաժարվեցի Բարեկամության ռուսական կոչումից, շատ կեղտ շպրտեցին ինձ վրա ռուսական ԶԼՄ-ներն այդ ժամանակ։ Եվ առաջին հերթին այն մարդիկ, որոնց ես միշտ ընկեր էի համարում։ Այդ ժամանակից ի վեր ոչնչից չեմ զարմանում։ Ժամանակ է անհրաժեշտ ներելու համար»,- ասել է դերասանը։

 

Կիկաբիձեն վստահ է, որ պետք է արմատապես փոխել Ուկրաինայի մոդելը։ Մեկընդմիշտ հրաժարվել ամեն խորհրդայինից և մոռանալ այն, ինչպես սարսափ երազ։ «Ուժեղ պետություն չի կարելի կառուցել առանց հետևողական մշակութային և տեղեկատվական քաղաքականության»,- նշել է դերասանը։

 

Վախթանգ Կիկաբիձեն մեծ ցանկություն է հայտնել նաև մեկնել Կիև։ «Երազում եմ բարեգործական համերգ տալ Կիևում՝ ի հիշատակ «Երկնային հարյուրյակի»։ Գուցեև Մայդանում, որպեսզի այն կարողանան տեսնել և լսել շատերը։ Բեմից ցանկանում եմ ուկրաինացիներին նրանց հերոսության մասին խոսքեր ասել։ Անհամբերությամբ սպասում եմ այդ օրվան»,- ասել է Կիկաբիձեն։