Մայլի Սայրուսի և Ջասթին Թիմբերլեյքի համերգները տապալման վտանգի տակ են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով
Ամերիկյան հայտնի փոփ երգիչներ Մայլի Սայրուսի ու Ջասթին Թիմբերլեյքի՝ մայիսին ու հունիսին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիի Hartwall Arena մարզադաշտում կայանալիք համերգները կարող են տապալվել Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով։
Ինչպես նշում է РИА-Новости-ն, պատճառն այն է, որ Hartwall Arena-ի սեփականատերերը ռուս գործարարներ Գենադի Տիմչենկոն, Արկադի և Բորիս Ռոտենբերգներն են, ովքեր մարտ ամսին ներառվել են ԱՄՆ-ի պատժամիջոցների «սև ցուցակում»։ Բացի այդ, համերգների կազմակերպիչն ամերիկյան Live Nation Entertainment ընկերությունն է, ինչը ևս խոչընդոտում է ծրագրված միջոցառումների անցկացմանը։
Իրավաբանների խոսքերով՝ նշված ընկերությունը պետք է հատուկ թույլտվություն ստանա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունից, որպեսզի գործարքի մեջ մտնի այն անձանց հետ, որոնց դեմ պատժամիջոցներ են սահմանվել։
Բորիս Ռոտենբերգի որդին այս կապակցությամբ հայտնել է, որ դեռևս համերգները չեղյալ հայտարարելու որևէ նախանշան չկա։ Բացի այդ, նա նշել է, որ բոլոր տոմսերն արդեն վաճառված են և որ ֆինները չպետք է տուժեն ամերիկյան պատժամիջոցներից։










