Հայտնաբերվել է կորած համարվող համր կինոյի գլուխգործոցը՝ 1923թ. «Սեր, կյանք, ծիծաղ» ֆիլմը (լուսանկարներ)

15:40 • 03.04.14

Նիդեռլանդներում հայտնաբերվել է անհայտ կորած համարվող անգլիական կինոյի գլուխգործոցներից մեկը՝ ռեժիսոր Ջորջ Փիրսոնի «Սեր, կյանք, ծիծաղ» ֆիլմը, հայտնում է ИТАР-ТАСС-ը։

 

«Ֆիլմը, որը տասնամյակներ շարունակ փնտրում էր Կինեմատոգրաֆի բրիտանական ինստիտուտը, հայտնաբերվել է ոչնչացման ենթակա ֆիլմերի շարքում, որոնք պահվում էին հոլանդական Հաթեմ քաղաքի հին կինոթատրոններից մեկի լքված շենքում։ Վերանորոգման ժամանակ աշխատողներից մեկը սևուսպիտակ ֆիլմերով մետաղական արկղերը թափելու փոխարեն տանում է մասնագետների մոտ։ Այլ ֆիլմերի շարքում հայտնաբերվում է նաև 1923թ. նկարահանված Փիրսոնի ֆիլմի ամբողջական տարբերակը՝ հայտնի դերասանուհի Բետի Բալֆուրի գլխավոր դերակատարմամբ»,- գրում է BBC-ն։

 

Կինեմատոգրաֆի ինստիտուտի համր ֆիլմերի բաժնի ղեկավար Բրիոնի Դիքսոնը նշել է, որ խոսքը համր կինոյի գլուխգործոցի մասին է։ «Անհավանական է, սակայն ֆիլմը 80 տարի մնացել է հոլանդական փոքր կինոթատրոնում, երբ այն համառորեն փնտրել են ամբողջ աշխարհում»,- պատմել է Դիքսոնը։


90 րոպե տևողությամբ ֆիլմը պատմում է երգչախմբի երգչուհու՝ դերասանի հանդեպ տածած սիրո մասին։ Այս տարվա վերջին Փիրսոնի ֆիլմը կցուցադրվի Մեծ Բրիտանիայում։ Այն հնարավոր կլինի տեսնել նաև համացանցում։ Կինեմատոգրաֆի ինստիտուտի տվյալների համաձայն՝ բրիտանական համր ֆիլմերի մինչև 80%-ը կորած են համարվում։

Love, Life and Laughter (1923). Photograph: British Film Institute

Love, Life and Laughter (1923). Photograph: British Film Institute

Betty Balfour as Tiny Toes in Love, Life and Laughter (1923)

Betty Balfour as Tiny Toes in Love, Life and Laughter (1923)