Բարսեղ Թումանյանի գնահատմամբ՝ ՕԲԱԱԹ-ի տնօրենի մրցույթն օբյեկտիվ չէր
«Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթից դուրս մնացած աշխարհահռչակ օպերային երգիչ Բարսեղ Թումանյանի գնահատմամբ՝ մրցույթն օբյեկտիվ չէր:
Ի պատասխան հարցի՝ ո՞վ է Անդրանիկ Ռոբերտի Արզումանյանը, երաժշտական աշխարհում նրան ճանաչու՞մ են, Բարսեղ Թումանյանն ասաց.
«Ես 72 տոկոս հավաքեցի, խնդիրը դա չէ: Այնտեղ ցանկացած 18 տարեկան տղա կարող էր 100 տոկոս էլ հավաքել. դա չի որոշում, թե դու ինչ որակի կազմակերպիչ ես, հասկանու՞մ ես գործից: Ուզում եմ ասել, որ դա ինձ համար ոչ մասնագիտական ընտրություն էր: Ես առաջարդման առաջին օրվանից ՕԲԱԱԹ-ի առողջացման հայեցակարգը տեղադրել եմ Facebook-ում: Ես դա արել եմ ո´չ թե այն պատճառով, որ ուզում եմ, որ այն շուտ լինի Facebook –ում, այլ՝ որպեսզի լինի մասնագիտական քննարկում: Եվ ի սկզբանե խախտում էր նաև այն, որ թատրոնը չպետք է ունենա գեղարվեստական ղեկավար, քանի որ առանց գեղարվեստական ղեկավարի ոչ մի մշակութային կառույց չի կարող գոյություն ունենալ»:
Հիշեցնենք, որ մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչվել Անդրանիկ Ռոբերտի Արզումանյանը և Գագիկ Զալիկի Մանասյանը, որոնց վերաբերյալ եզրակացությունը կներկայացվի նախարարին և եռօրյա ժամկետում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի հետ սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր կկնքվի:
Հիշեցնենք, որ ՕԲԱԱԹ-ի անձնակազմը ստորագրահավաք էր անցկացնում ինչպես Բարսեղ Թումանյանի, այնպես էլ՝ նախկին գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի համար, ում անունը ևս շրջանառվում էր հավակնորդների թվում:
Արդեն մրցույթին մասնակցելիս Բարսեղ Թումանյանը տեսել է, որ Գեղամ Գրիգորյանը մրցութային հանձնաժողովում է:
Ի պատասխան հարցի, թե այդ դեպքում ինչի՞ համար էին այդ ստորագրահավաքները, Բարսեղ Թումանյանն ասաց. «Չգիտեմ, էմոցիոնալ ֆոն էր, բայց ուզում եմ հիշեցնել, որ նրանք ստորագրում էին Օպերայի համար, օպերային արվեստի համար, այսինքն՝ նրանք ուզում էին, որ թատրոնն ունենա գեղարվեստական ղեկավար: Եվ նրանք իրականում Գեղամ Գրիգորյան ասելով, Բարսեղ Թումանան ասելով՝ նկատի ունեն Օպերային թատրոն: Այն դեպքում, երբ հաղթողները նոր պետք է ապացուցեն, թե որքան են հասկանում կամ սիրում օպերային թատրոնը»:










