Ինչպես էր ԱՄՆ-ն «սառը պատերազմի» տարիներին «Դոկտոր Ժիվագոն» օգտագործում ԽՍՀՄ-ում հեղափոխություն անելու համար. Washinghton Post
ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) գաղտնազերծված փաստաթղթերը վկայում են այն մասին, որ Միացյալ Նահանգները փորձել է հեղափոխություն իրականացնել ԽՍՀՄ-ում՝ գաղտնի տպագրելով ու տարածելով հայտնի գրող Բորիս Պաստեռնակի «Դոկտոր Ժիվագո» ճանաչված ստեղծագործությունը։

Ինչպես նշում է The Washinghton Post-ը, երբ 1957թ. ԿՀՎ-ն ուսումնասիրել է խորհրդային գրողի՝ Իտալիայում հրատարակված վեպը, հասկացել է, որ այն խորհրդային հասարակության շրջանում քարոզչության հիանալի միջոց է։ Ուստի ԱՄՆ-ի իշխանությունները գաղտնի տպել են այն, որպեսզի Եվրոպայում ընթացող համաժողովներին մասնակցող խորհրդային պատվիրակությունների միջոցով տարածեին գիրքը ԽՍՀՄ-ում։
Ամերիկացիների ծրագիրը հաջողություն ունեցավ, քանի որ գրքի նմուշները հայտնվեցին ու գաղտնի տարածվեցին ԽՍՀՄ տարածքում՝ ձեռքից ձեռք անցնելով։ Աղբյուրը մանրամասնում է, որ ստեղծագործության հեղինակն անդրադառնում է անձնական ազատության, մարդու իրավունքների թեմային։ Բացի այդ, գրքի գաղտնի տարածումը խորհրդային մարդուն մտածելու տեղիք կտար այն հարցի շուրջ, թե ինչու են կոմունիստական իշխանություններն արգելել «Դոկտոր Ժիվագոն»։
Նշվում է, որ ԿՀՎ-ն համագործակցում էր ԽՍՀՄ այցելող զբոսաշրջիկների հետ, որպեսզի նրանք խորհրդային քաղաքացիների հետ քննարկեին Պաստեռնակի ստեղծագործությունն ու կոմունիստական հասարակությունում անձի իրավունքների հետ կապված խնդիրները։
1959թ. դրությամբ ԱՄՆ-ն տպել էր «Դոկտոր Ժիվագոյի» 9.000 այնպիսի օրինակ, որոնք հեշտությամբ կարելի էր անհրաժեշտության դեպքում պատռել ու թաքցնել։
1958թ. Պաստեռնակն արժանացել է գրականության Նոբելյան մրցանակի, սակայն խորհրդային իշխանությունները նրան թույլ չեն տվել Շվեդիա մեկնել ու մրցանակը ստանալ։ Իր մնացած կյանքը Պաստեռնակն անցկացրել է ԽՍՀՄ-ում ու մահացել 70 տարեկանում՝ 1970թ.։











