Lenta.ru կայքում հրապարակած հոդվածի պատճառով ռուս քննադատին հեռացրել են Վենետիկյան բիենալեից
Ճարտարապետության բնագավառի քննադատ Գրիգորի Ռևզինն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին իրեն ազատել է Վենետիկյան բիենալեում ռուսական տաղավարի լիազոր ներկայացուցչի պաշտոնից:
«Քիչ առաջ զանգահարել են մշակույթի նախարարությունից և հաղորդել, որ առավոտյան նախարար Մեդինսկին իր անձնական որոշմամբ ազատել է ինձ Վենետիկյան ճարտարապետական բիենալեում ռուսական տաղավարի լիազոր ներկայացուցչի պաշտոնից: Մինչ ցուցահանդեսը դեռ երեք ամիս կա: Հետաքրքիր է՝ ինչ կլինի հետագայում», - Ռևզինի գրառումը մեջբերում է Lenta.ru-ն:
Ավելի ուշ այդ գրառման տակ արված մեկնաբանություններում Ռևզինը գրել է, որ որևէ պաշտոնական ծանուցում չի ստացել ազատ արձակման մասին՝ նշելով. «Չկա որևէ պաշտոնական ձևակերպում: Պարզապես՝ նա ինձ ազատել է իր լիազորությունների շրջանակում»:
Ռևզինը կարծում է, որ իր ազատման համար պատճառ է հանդիսացել մարտի 2-ին Lenta.ru կայքում հրապարակած իր հոդվածը, որում վերջինս քննադատել է Ռուսաստանի՝ Ուկրաինայի հետ հարաբերություններն ու Ղրիմի միացումը ՌԴ-ին:
Վենետիկյան ճարտարապետական բիենալեն մեկնարկում է հունիսի 7-ին: Այն անցկացվում է 1980-ից ի վեր և համաշխարհային ճարտարապետական ցուցահանդեսներից մեկն է:










